Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել 2012 թ. ապրիլի 26-ի իր որոշման մեջ` ջրառի նախատեսված 169.0 մլն խորանարդ մետր ջրաքանակի փոխարեն սահմանելով մինչև 204.0 մլն խորանարդ մետր։
Կառավարության կայքի համաձայն, 35.0 մլն խորանարդ մետրով ջրառի չափաքանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է Հրազդան գետով նախատեսված բնական ելքերի նվազմամբ և ջրօգտագործողների կողմից ջրապահանջարկի ավելացմամբ։
Այսօրվա նիստին գործադիրը որոշել է նաև հավանություն տալ ևս մեկ նախագծի: ԱԺ պատգամավորներ Վահագն Մախսուդյանի և Խաչիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել Սևանա լճի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը` հաշվի առնելով բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգի, մասնավորապես, ձկնաշխարհի վրա բացասական ազդեցությունը։