ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհու` Ալլա Աբրահամյանի կողմից կատարված վրաերթի գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այդ մասին «Ժողովուրդ» թերթին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Թերթը հիշեցնում է, որ ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց, թե 2012թ. ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում երիտասարդ մի աղջիկ վթարի է ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, ով հիվանդանոցում մահացել է:
«Ժողովուրդն» այդ ժամանակ բացահայտել էր, որ վրաերթի հեղինակը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն էր: Իսկ Արսեն Աբրահամյանն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է: Ուստի «բնական» է, որ հարուցված քրեական գործը նման ճակատագիր պետք է ունենար, և հանցագործը մնար անպատիժ: Չէ՞ որ երեխային սպանողն Աբրահամյանների տխրահռչակ ընտանիքի անդամն է, եզրափակում է թերթը: