«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը միևնույնն է շարունակելու է չափազանց դժգոհ մնալ միջազգային ատյաններում Ղարաբաղյան խնդրի ներկայացումից և խնդրի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունից: Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Անշուշտ, որևէ մեկի համար հաճելի չէր լսել ոչ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը՝ Արցախի նախագահական ընտրությունների կապակցությամբ, ոչ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ոչ եվրոպական կառույցների հայտարարությունը: Նախ, այդ հայտարարությունների մեջ չափազանց շատ նրբերանգներ կան, որովհետև, ընդհանուր առմամբ, որոշ դեպքերում քննադատություն չկա, այլ պարզապես ասում, են, թե դա չի կարող կանխորոշել հակամարտության վերջնական կարգավորումը: Երկրորդը՝ ես չեմ կարող նեղանալ միջազգային կառույցներից, եթե խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ է», – ասել է Սաֆարյանը:
Նա նշել է, որ եթե, օրինակ, եվրոպական կառույցներում հայկական պատվիրակության մոտեցումն այն է, որ պիտի մորատորիում լինի, ու ոչ հայերը խոսեն ղարաբաղյան խնդրից, ոչ ադրբեջանցիները, ապա կարիք չկա մեղադրել եվրոպացիներին, ովքեր տեղյակ չեն խնդրից, ովքեր կարող են իրենց թույլ տալ նման հայտարարություններ անել:
«Եթե քեզ ձեռնտու է ղարաբաղյան խնդրի վերաբերյալ լռությունը միջազգային ատյաններում միայն այն բանի համար, որ ադրբեջանցիները չխոսեն, հետևաբար այսպիսի քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության ու նաև արտաքին քաղաքականության պայմաններում նման հետւանքները միանգամայն սպասելի են», – եզրափակել է Սաֆարյանը:
Լուսանկարը` artsakhnews.am