Home / Հայաստան / Գարրի Կասպարովը դատի կտա իրեն բերման ենթարկած ոստիկաններին

Գարրի Կասպարովը դատի կտա իրեն բերման ենթարկած ոստիկաններին

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը այսօր պատրաստվում է դատական հայց ներկայացնել օգոստոսի 17-ին իրեն ծեծելով բերման ենթարկած ոստիկանների դեմ: Այս մասին հաղորդում է Կասպարովի մամուլի ծառայությունը:

Այսօր կեսօրին Կասպարովը պետք է ցուցմունք տա ոստիկանությունում, որից հետո էլ պատրաստվում է զբաղվել երկու դատական հայց ներկայացնելու հարցով: Առաջին դեպքում նա բողոքելու է իրեն ապօրինի բերման ենթարկելու և ոստիկանների գործողությունների դեմ, երկրորդ դեպքում՝ զրպարտության:

Ոստիկանները պնդում են, որ Կասպարովը կծել է ոստիկանության աշխատակիցներից մեկին, ինչն ընդդիմադիրը կտրականապես հերքում է:

Նշենք, որ Կասպարովին ձերբակալել են Pussy Riot պանկ-խմբի անդամներին ազատելու պահանջով կազմակերված բողոքի ակցիայի ժամանակ: Նրան ծեծի են ենթարկել ոստիկանական մեքենայում, որից հետո ոստիկաններից մեկը հայտարարել է, որ Կասպարովը կծել է իրեն: Այժմ նրան կարող են մեղադրանք առաջադրել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 318 հոդվածով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը»: