Օգոստոսի 17-ին Ազատամարտիկների փողոցում հրազենային վնասվածքից մահացած գործարար Միշա Հայրապետյանի (անձնագրով՝ Քալանթարյան) մահվան վերաբերյալ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Մահացածի ավագ եղբոր՝ Փայլակ Հայրապետյանի խոսքով, իրենք վստահ են, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է, գրում է «Հայկական ժամանակը»:
Թերթը հիշեցնում է, թե որոշ հրապարակումների համաձայն՝ դեպքը կապված է «Հայրապետյան եղբայրներ» ընկերության սնանկացման հետ: Այս հրապարակումները Հայրապետյանը մեկնաբանեց այսպես. «Էդ ինչե՞ր են խոսում: Հայրապետյանները չեն սնանկացել: Նման բան չկա: Այդ ամենը սուտ է: Ինչի՞ մասին է խոսքը»:
Ըստ մի վարկածի, որին անդրադառնում է «Հրապարակ» թերթը, պատճառը Աշոտ Սուքիասյանի կողմից առաջարկված նախագծին մասնակցելու արդյունքում Հայրապետյանների ընտանիքի կրած մեծ վնասներն են. Սիերա Լիոնեում ոսկու-ադամանդի հանք ձեռք բերելու ընթացքում Հայրապետյաններն իրենց գույքը գրավադրել են «Ամերիաբանկում»: Ըստ այս վարկածի`Քալանթարյանը որոշակի շրջանակների առաջ պարտավորություն է ստանձնած եղել, որ եռամսյա ժամկետում«Ամերիաբանկին» կվճարի 12 մլն պարտքը, եթե բանկը դադարեցնի հետապնդումները «Հայաստան» հանրախանութի նկատմամբ: Հետապնդումը դադարեցվել է, սակայն ստանձնած պարտավորությունը կատարել չի հաջողվել:
Հայրապետյան եղբայրներին է պատկանում Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը և BMW խանութների ցանցը: