Աբովյանում երեկ տեղի ունեցած սպանության տակ աբովյանցիները որոշ «քաղաքական» ենթատեքստ են տեսնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Երեկ գիշերը՝ 02:00-ի սահմաններում, հրազենային բազմաթիվ վնասվածքներով, անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Էդգար Խոջոյանը, ով հիվանդանոցում մահացել է:
«Ժողովրդի» հաղորդմամբ՝ սպանվածը Աբովյան քաղաքի բնակիչ է եղել, Աբովյանում գործող «Ավազառ» տաքսի ծառայության տնօրենի աներորդին է: 30-ամյա երիտասարդը Ռոստովում կահույքագործությամբ էր զբաղվում և Հայաստան էր եկել օգոստոսի 17-ին: Սպանության օրը, ըստ օրաթերթի հետ զրուցած քաղաքի բնակիչների, Էդգարը «քեֆից» է եկել: Տուն բարձրանալու ժամանակ նրա վրա կրակել են: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 7 կրակված պարկուճ և չկրակված գնդակ: Հարուցվել է քրեական գործ:
Թերթն ընդգծում է, որ, ըստ աբովյանցիների, նշված տաքսի ծառայությունն առաջիկայում մրցույթի էր մասնակցելու Աբովյանում հայտնի Արթուր Հարությունյանի՝ Պալաչի երթուղիների հետ: Հիշեցնենք, որ Հարությունյանը «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատերն է, ով խնդիրներ ունի Գագիկ Ծառուկյանի հետ: Վերջինիս բարեգործական երթուղիների պատճառով Հարությունյանի երթուղիները խիստ տուժում են:
«Ժողովուրդը» գրում է, որ Աբովյանում կան կասկածներ, որ հանցագործը շփոթմամբ սպանել է Խոջոյանին, քանի որ հնարավոր է՝ նրա փոխարեն պետք է լիներ իր փեսան՝ «Ավազառ» տաքսի ծառայության տնօրենը: Սակայն բնակիչները հրաժարվել են պատասխանել թերթի թղթակցի հարցին՝ խուսափելով խոսել Պալաչից:
Արթուր Հարությունյանը թերթի հետ զրույցում հետևյալ կերպ է արձագանքել տվյալ խնդրին.
«Պարսկաստանում էլ երկրաշարժ է եղել: Իմ անունը դրա հետ չե՞ք կապում: Ես շատ զբաղված եմ ու ոչ մի բանի հետ կապված չեմ: Ոչնչից տեղյակ չեմ»: