Նախորդ տարիների համեմատ այս տարի դպրոցական պարագաները և հագուստը անհամեմատ թանկացել են: Այս մասին վկայել են մի քանի երևանցիներ, որոնց հետ Epress.am-ը զրուցել է մայրաքաղաքի փողոցներում: 10 հարցվածներից 6-ը նշել են, որ թեև չեն հասցրել գնել պահանջվող անհրաժեշտ բոլոր պարագաները, այնուամենայնիվ, արդեն կլորիկ գումար են հասցրել ծախսել:
«Արդեն 40.000 դրամ ծախսվել է 17-ամյա տղայիս միայն հագուստը գնելու համար՝ տաբատ, վերնաշապիկ, մեկ զույգ կոշիկ: Նշեմ, որ այսքանը սեպտեմբերի 1-ի համար ենք գնել, իսկ գրենական պիտույքներն ու մնացած իրերը դեռևս չենք գնել: Նախորդ տարի ծախսվել էր այս գումարի կեսը: Ցավալին այն է, որ աշխատանք չկա, իսկ ծախսերը բավական շատ են», – պատմել է հարցման մասնակից Արմինե Առաքելյանը, ով ընդգծել է, որ գնումները հիմնականում կատարում է տոնավաճառից, քանի որ խանութներից գնելու դեպքում ստիպված էր կրկնակի-եռակի վճարել: Նրա խոսքով՝ իր որդու դպրոցում սեպտեմբերի 1-ի համար պահանջել են մուգ տաբատ և սպիտակ վերնաշապիկ:
Նարինե Մաթևոսյանի խոսքով՝ առաջին դասարան հաճախող թոռնիկի համար արդեն հասցրել են ծախսել 100.000 դրամ:
«Գրենական պիտույքները տղաս բերել է Մոսկվայից, չնայած դեռևս կիսատ էլի բաներ կան, սակայն ավելորդ ճոխություններ մեզ թույլ չենք կարող տալ, չնայած շատ կուզենայինք պատշաճ կերպով կազմակերպել թոռնիկիս դպրոց հաճախելու արարողությունը»,- ասել է Մաթևոսյանն ու փաստել է, որ նախորդ տարի 5-րդ դասարան հաճախող թոռնիկի համար կրկնակի քիչ գումար է ծախսվել:
«Այս տարի գները սարսափելի են, մտել եմ տոնավաճառ ու սարսափած դուրս եկել: Հագուստի գները անասելի թանկ են՝ չհաշված կոշկեղենն ու գրենական պիտույքները: Թեև դպրոցը տրամադրում է գրքերը, այնուամենայնիվ, հիմնական ու ծանր գործը ծնողինն է, ու ամբողջությամբ այդքանը հոգալ չի հաջողվում: Ստիպված եմ պարտք վերցնել, որպեսզի գոնե մասնակի կարողանամ հոգալ դպրոցի հետ կապված ծախսերը»,- ասել է Կարինե Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ինքն ու ամուսինը չեն աշխատում, իսկ խնամքին մեկ դպրոցահասակ և մանկապարտեզ հաճախող երեխա կա:
Հարցվածներից մեկը՝ 34-ամյա Արփինեն, ասաց, որ մոտ 75 հազար դրամ է ծախսել 1-ին դասարանի երեխայի համար, 40-ամյա մի տիկին էլ, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ մեծ տարբերություն նախորդ տարվա համեմատ չի զգացել:
Հարցման ևս երկու մասնակիցներ նշեցին, որ միայն հետաքրքրվել են գներով, սակայն առևտուրը թողել են ամսվա վերջին օրերին: Նրանք նույնպես բողոքել են բարձր գներից՝ նշելով, որ դպրոցներում գոնե առաջին ամսվա ընթացքում աղջիկների համար սպիտակ վերնաշապիկ և մուգ կիսաշրջազգեստ են պահանջում, ինչը լրացուցիչ ծախսերի առիթ է: