Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում գտնվող Հիշատակի այգում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցման գաղափարը «խորապես վիրավորում է» թուրք ազգին, իսկ «ցեղասպանություն» բառի կիրառումը իրականում գիտական քննարկումների թեմաներից է դեռևս: Ինչպես գրում է Los Angeles Daily News-ը, նման կարծիք է հայտնել Կալիֆորնիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի տեղակալ Արիֆ Չելիկը՝ բացատրելով իր երկրի դիրքորոշումը ամերիկյան քաղաքում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հուշարձան տեղադրելու նախաձեռնության վերաբերյալ:
Փասադենայի հայ համայնքը մտադիր է մասնավոր միջոցներով մինչև 2015 թվականը կառուցել հուշարձանը, և այս առնչությամբ որոշ պաշտոնատար անձինք արդեն բանակցություններ են սկսել քաղաքային իշխանությունների հետ, թեև ոչ մի նախագիծ պաշտոնապես դեռևս չի հաստատվել:
Այդուհանդերձ թուրք պաշտոնյաները փորձում են կանխել հուշարձանի կառուցումը՝ նույնպես հանդիպումներ ունենալով Փասադենայի իշխանությունների հետ:
«Սա ամբողջությամբ դեմ է մեր քաղաքի արժեքներին, օտար կառավարություն չի կարող գալ և միջամտել մեր մասնավոր գործերին» ,- ասել է Փասադենայի հայ համայնք կոալիցիայի նախագահ Խաչիկ Շահինյանը՝ մեկնաբանելով Արիֆ Չելիկի այցը Փասադենայի քաղաքապետարան, որի ընթացքում վերջինս խնդրել էր պատմել իրեն, թե ինչ ընթացք է ստացել Հայոց Ցեղասպանության հուշարձանի նախագիծը:
«Սա Անկարայի արվարձանը չէ: Փասադենան ամերիկյան քաղաք է… Փասադենան հայերի տունն է արդեն շուրջ 120 տարի», – նշել է Շահինյանը:
Նախկին քաղաքապետ, Փասադենայի հայոց Ցեղասպանության հուշարձանի հանձնաժողովի հավատարմատար Ուիլյամ Փափարյանը նշել է, որ Չելիկի այցելությունը քաղաքապետարան «թուրքական կառավարության կողմից դիվանագիտական միջամտություն է»:
Հեռակա վեճին խառնվել են նաև ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչները: Հարավային Կալիֆորնիայի թուրք-ամերիկյան ասոցիացիայի նախագահ Վեգա Շանկուրը նշել է, որ իրենք դեմ չեն հուշարձանին, այլ միայն «ցեղասպանություն» բառի օգտագործմանը: