Home / Հայաստան / Գլոբալ մրցունակության ցուցիչով Հայաստանը զիջում է տարածաշրջանի երկրներին

Գլոբալ մրցունակության ցուցիչով Հայաստանը զիջում է տարածաշրջանի երկրներին

2012-2013 թթ-ի Գլոբալ մրցունակության ցուցիչով Հայաստանի տնտեսությունը 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը: Գլոբալ մրցունակության ցուցիչի վարկանշային աղյուսակը և երկրներին վերաբերող զեկույցներն այսօր հրապարակել է Համաշխարհային տնտեսական ֆորումը: 2011-2012 թթ-ի աղյուսակում Հայաստանը 142 երկրների շարքում 92-րդն էր:

Համաձայն զեկույցի հեղինակների, Հայաստանում բիզնես վարելու համար ամենախնդրահարույց գործոնն է կոռուպցիան: Խոչընդոտների շարքում երկրորդն է ոչ արդյունավետ պետական բյուրոկրատիան, երրորդը՝ ֆինանսական միջոցների հասանելիությունը, չորրորդը՝ հարկային օրենսդրությունը, հինգերորդը՝ աշխատուժի ոչ բավարար կրթվածության մակարդակը:

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանը ցածր ցուցանիշներ է արձանագրում տեխնոլոգիական պատրաստվածության աղյուսակում, որտեղ մեր երկիրը զբաղեցնում է 92-րդ տեղը և խնդիրներ ունի շուկայի չափերի առումով՝ 144 երկրների շարքում՝ 115-րդ տեղը: Մինչդեռ աշխատանքային շուկայի արդյունավետության աղյուսակում Հայաստանը նույնքան երկրների շարքում 30-րդն է:

Նշենք, որ մեր տարածաշրջանի երկրների շարքում Գլոբալ մրցունակության ցուցիչով Թուրքիան զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 46-րդն է, Իրանը՝ 66-րդն է, Ռուսաստանը՝ 67-րդը, իսկ Վրաստանը՝  77-րդը:

Գլոբալ մրցունակության ցուցիչով աշխարհում լավագույնը Շվեյցարիայի տնտեսությունն է, երկրորդը՝ Սինգապուրն է, երրորդը՝ Ֆինլանդիան, չորրորդը՝ Շվեդիան, հինգերորդը՝ Նիդերլանդները: ԱՄՆ-ն աղյուսակում 7-րդ տեղն է զբաղեցնում, Չինաստանը՝ 29-րդ: