ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես և հաղորդվում էր ավելի վաղ, երեկ երեկոյան Յամալում մասնակցել է կռունկների հազվագյուտ տեսակի՝ ստերխերի պահպանման համար իրականացվող «Հույսի թռիչք» նախագծի շրջանակներում անցկացվող փորձին: Թռչունները կարմիր գրքում են գրանցված:
Գիտնականների խնդիրն է կենդանիների բուծարանում մեծացած 6 կռունկներին ցույց տալ ձմեռելու նպատակով տաք երկրներ հասնելու ճանապարհը: Երամի առաջնորդի դերում հանդես է գալիս դելտապլանի օդաչուն: Օգոստոսից ստերխերին սովորեցնում են թռչել օդային սարքի հետևից: Դելտապլանի ղեկին Պուտինը երեք թռիչք է իրականացրել. առաջինը՝ փորձնական, ևս երկուսը՝ թռչունների հետ:
Երբ կռունկներին ազատ են արձակել, Պուտինի դելտապլանին առաջին անգամ միացել է միայն մեկ կռունկ: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նախագահը բացատրել է, որ այդ թռիչքի ընթացքում ուժեղ քամի էր, ինչի պատճառով դելտապլանը մեծ արագությամբ էր թռչում, և թռչունները չէին հասցնում իր հետևից: Թռչունների հետ երկրորդը թռիչքը հաջող է եղել, դելտապլանին են միացել 5 կռունկներ՝ հետևելով սպիտակ հագուստով նախագահին:
Լրագրողների հետ տպավորություններով կիսվելիս Պուտինը նշել է, որ մեծ քանակությամբ ադրենալին է ստացել թռիչքից, և խորհուրդ է տվել բոլորին փորձել նույնպես դելտապլանի ղեկին նստել:
Նշենք, որ Պուտինի կողմից իրականացվելիք թռիչքի մասին լուրը երեկ ակտիվորեն քննարկվում էր բլոգերների շրջանում, որոնք տարբեր կատակներ էին անում այս թեմայով: Այսպես, օրինակ, հայտնի ընդդիմադիր գործիչ, իրավաբան Ալեքսեյ Նավալնին գրել էր. «Ինչպես Ստալինի համար մարդիկ ասում էին, «գիշերը պատուհանում լույս է վառվում», Պուտինի համար կասեն՝ «նա կռունկների երամով թռչել է մեր տան վրայով»»:
Բլոգերներն այս քայլը Պուտինի հերթական PR ակցիա են անվանում: «Շուտով Մեդվեդևը կուղբերի հետ կգնա անտառային հրդեհը մարելու» , «Հիացմունքի համար պատճառ չեմ տեսնում: Այս ամենը շատ տխուր է: Մարազմի նոր էտապ է սկսվել», «Հենց աա է նրա իրական զբաղմունքը՝ գլխավոր ծաղրածու աշխատել՝ ցատկոտելով և թռչկոտելով, մինչ լուրջ մարդիկ լուրջ գործով են զբաղցած՝ թալանում են»,«ԴԵ նա ալֆա-արու է: Ազգի գլխավոր կռունկը»,- գրում են բլոգերները:
Եկեք անմիջապես դերերը բաշխենք, ես ալֆ-արուն եմ