Home / Հայաստան / Խաբված լինելը արդարացում չէ. նախկին արտգործնախարարը՝ Նալբանդյանի մասին

Խաբված լինելը արդարացում չէ. նախկին արտգործնախարարը՝ Նալբանդյանի մասին

Ադրբեջանին Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարությունն ընդունելու առաջ երեկ ԱԺ-ում իշխող ուժի պատգամավորները համերաշխության և կոնսոլիդացիայի կոչ էին անում, բայց նրանցից որևէ մեկը համարձակություն չունեցավ նույնիսկ անուղղակի ակնարկել, որ այս բոլորի մեջ, միգուցե, մեղավորություն ունի նաև իրենց կառավարությունը: Այս մասին այօր Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ինձ համար հիասթափեցուցիչ էր նաև արտգործնախարարի ելույթը, երբ նա իր ներկայացրած փաստարկներով ըստ էության ընդունում էր, որ իրենց խաբել են: Ես կուզենայի արտգործնախարարին ասել, որ խաբված լինելը չի կարող արդարացում լինել ձախողումների համար: Դա ծանրացնում է ձախողման պատասխանատվությունը: Պատկերացրե՛ք մի օր խորհրդարանի առաջ մի արտգործնախարար փորձի արդարանալ, որ մինչև վերջին պահը այս կամ այն երկիրը մեզ երաշխավորում էր, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի անի Ղարաբաղի նկատմամբ:

Ակնհայտ է, որ մենք թերացել ենք: Մենք թերացել ենք, Հունգարիան նողկալի արարք է գործել, Ադրբեջանի վարչակարգը ցույց է տվել իր իրական՝ անմարդկային դեմքը:

Այն, ինչ եղել է, անընդունելի է հայ ժողովրդի համար: Սրա հետևանքները վերացնելու առումով մենք պետք է հետևողական և համառ պայքար մղենք բոլոր առումներով, հատկապես իրավական և դիվանագիտական: Իրավական առումով խնդիր պետք է դնել Սաֆարովին վերադարձնել իր խուցը, իսկ դիվանագիտական առումով՝ հասնել Լեռնային Ղարաբաղի արդեն ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի միջազգային ճանաչմանը: Ինձ համար սա է լինելու կառավարության գործունեության արդյունքը գնահատելու չափանիշը»,- գրել է Օսկանյանը: