Այսօր Ազգային ժողովում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Վերահսկիչ պալատի 2011 թվականի հաշվետվությունը:
Տարեկան հաշվետվության մեջ հիմնականում ընդգրկվել են առավել ընդհանրական խախտումներն ու թերությունները:
Մասնավորապես, շինարարության ոլորտում Վերահսկիչ պալատն արձանագրել է բազմաբնույթ խախտումներ և թերություններ, որոնցից առավել հատկանշական են`ծավալային հավելագրումներ, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ, նախագծային ընկերությունների կողմից կազմվում են անորակ նախագծեր և այլն:
Որպես օրինակ հաշվետվություն նշվում է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 10 կրթական օբյեկտներում` 707 միլիոն 850 հազար դրամ ընդհանուր գումարով կատարված շինարարության, հիմնանորոգման և նախագծային աշխատանքներում հայտնաբերվել է անորակ և վերականգնման ենթակա 52 միլիոն 197 հազար դրամի գումարի չափով խախտում:
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ընտրանքային կարգով 16 օբյեկտներում իրականացրած 510 միլիոն 200 հազար դրամի հիմնանորոգման-շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 32 միլիոն 932 հազար դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:
«Գյուղական տարածքների տնտեսական արգացման ծրագրի վերահսկման և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկում ընտրված 20 օբյեկտներում իրականացված 971 միլիոն 69.5 հազար դրամի շինարարական աշխատանքներում հայտնաբերվել 104 միլիոն 914.9 հազար դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում: