Այսօր Ազգային ժողովում ներկայացրած ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թվականի հաշվետվության մեջ անդրադարձ կա գնումների գործընթացին: Հաշվետվության հեղինակները նշում են, որ բյուջետային միջոցներն անարդյունավետ են օգտագործվում:
«Թեև գնումների ոլորտում կատարվում են որոշակի բարեփոխումներ, այնուամենայնիվ, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում դեռևս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ», – նշված է հաշվետվության մեջ:
Մասնավորեցնելով՝ Վերահսկիչ պալատը մի շարք օրինակներ է ներկայացնում.
-Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները կատարվել են անորակ, որի արդյունքում շուրջ վեց ամիս անց ճանապարհը քայքայվել է և երթևեկության համար դարձել դժվար անցանելի: Ծախսված գումարը դիտվում է որպես անարդյունավետ:
– ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում առանձին դեպքերում գիտական թեմաների անվանումները, իրականացված հետազոտությունները, ինչպես նաև գիտական հրապարակումները համընկնում են բազային ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հետ: Այսինքն, միևնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է իրականացվել: Արդյունքում կատարվել է 32 միլիոն 958.8 հազար դրամի անարդյունավետ ծախս:
Անդրադառնալով գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքի խնդրին՝ Հաշվետվության հեղինակները նշում են, որ Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ընտրանքային կարգով ստուգված գրեթե բոլոր համայնքներում առկա են հետևյալ խնդիրները՝ համայնքներում որոշ օբյեկտներ ընդհանրապես դուրս են մնում հարկման բազայից, գումարների գանձման հսկողությունը թե՛ մարզպետների, թե՛ համայնքների ղեկավարների կողմից լիարժեք չէ:
Միայն գույքահարկի գծով ընտրանքային կարգով ստուգված համայնքներում հաշվետու ժամանակաշրջանում չի վճարվել 330 միլիոն 676.7 հազար դրամ: