Home / Տեսանյութեր / Գերմանիան փակել է դեսպանատները իսլամական երկրներում

Գերմանիան փակել է դեսպանատները իսլամական երկրներում

Գերմանիան Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում, ինչպես նաև Աֆղանստանում և Պակիստանում ժամանակավորապես փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները: Ինչպես հայտնում է rusplt.ru-ն, հղում կատարելով Spiegel-ին, Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելեն խորապես մտահոգված է ամերիկացի իր գործընկերների հանդեպ Եգիպտոսում, Յեմենում, Լիբիայում և այլ իսլամական երկրներում իրականացվող բռնությունների փաստով:

Վեսթերվելեն մտահոգություն է հայտնել վերջին ողբերգական միջադեպերի կապակցությամբ՝ կոչ անելով տեղի իշխանություններին ապահովել գերմանացի դիվանագետների անվտանգությունը արաբական երկրներում: Նախարարը նշել է, որ որքան էլ սկանդալային դարձած «Իսլամի անմեղությունը» ֆիլմը վիրավորի հավատացյալների զգացմունքները, դա բռնության դիմելու առիթ չէ:

Նախօրեին զանգվածայաին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Եգիպտոսի և Յեմենի դեսպանատների մոտ: Առնվազն 13 մարդ վնասվածք էր ստացել Կահիրեում ԱՄՆ

դեսպանատան մոտ: Այնտեղ ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին 11-ին Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրագործված հարձակման հետևանքով զոհվել է դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը, ինչպես նաև հյուպատոսարանի ևս երեք աշխատակիցներ:

Նրանց վրդովվեցրել էր համացանցում տարածված «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում սիրողական մակարդակի կինոմատոգրաֆիստների կողմից: Ֆիլմի հեղինակները մահմեդականներին և նրանց կրոնը ներկայացնում են ծայրահեղ բացասական լույսի ներքո, ինչը իսլամական աշխարհում դժգոհության հսկայական ալիք է բարձրացրել: