Սիրիայի ապստամբների Ազատ բանակի հրամանատարներից մեկը՝ Ահմադ Հիջազը 25 միլիոն դոլար է առաջարկել երկրի գործող նախագահ Բաշար Ասադին «սպանված կամ կենդանի» հանձնելու համար: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ինչպես նշել է Հիջազը, այդ առաջարկը, առաջին հերթին, ուղղված է Ասադի մերձավոր շրջապատի մարդկանց: Հրամանատարի խոսքով՝ այդ գումարը պատրաստ են վճարել «գործարարներ, ովքեր աջակցում են Սիրիայի Ազատ բանակին»:
Հիշեցնենք, որ ապստամբների և Բաշար Ասադի ռեժիմին սատարող միավորումների միջև բախումները սկսվել են դեռևս 2011 թվականի մարտին: Մեկ և կես տարվա ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 27 հազար մարդ: