Գիտությունների Ազգային Ակադեմիայի մոտ այսօր բողոքի ակցիա անցկացնող ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակիցները ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից փորձել են պարզել, թե ինչի համար են ընտրությունները, երբ ի վերջո ընտրություններում հաղթում է ոչ թե ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն, այլ նա, ում նշանակում է Գիտությունների Ազգային Ակադեմիան:
Նշենք, որ այսօր ԳԱԱ ավարտվել է Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, ու, գիտաշխատողների խոսքով, հաղթել է ոչ թե իրենց ինստիտուտի աշխատակիցների կողմից ընտրված ու ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն, այլև ԳԱԱ կողմից նշանակվածը:
«Ինստիտուտում վերջերս տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում ինստիտուտի գիտխորհրդի ընդհանուր ժողովում առաջադրվել էին գիտությունների թեկնածու Վարդան Գասպարյանի ու գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանի թեկնածությունները: Գաղտնի թվեարկության արդյունքում ինստիտուտի 72 ներկա գիտաշխատողներից 53-ը ձայն են տվել Վ. Գասպարյանի, իսկ 11-ը՝ Չաիլյանի օգտին», – Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է գիտաշխատողներից մեկը՝ նշելով, որ քվեների նման հարաբերակցությունը պայմանավորված է Վ. Գասպարյանի նկատմամբ մասնագիտական ու կազմակերպչական հատկություններով և կոլեկտիվի մոտ ունեցած հեղինակությամբ:
«Մեր համառությունը պայմանավորված էր նրանով, որ, ըստ մեզ, ԳԱԱ-ն կոչված է նպաստելու ինստիտուտների գիտական գործունեությունը՝ ապահովելով աշխատող գիտնականների հետ փոխհարգալից վերաբերմունք: Մենք նաև գիտեինք, որ տնօրենի ընտրության հարցում գլխավորը ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունենալիք ընտրությունն էր, որին մասնակցում են տարբեր գիտական ուղղվածության ակադեմիկոսներ և, քանի որ Ս.Չաիլյանի թեկնածությունն առաջադրել ու պաշտպանում էր ակադեմիկոս Արմեն Գալոյանը, մտավախություն կար, որ որ նախագահության անդամները կպաշտպանեն նրա թեկնածությունը: Ոմանց կողմից տարածված լուրերը, թե Վ. Գասպարյանը գործող տնօրեն Գ. Գևորգյանի դրածոն է, չեն համապատասխանում իրականությանը. ի տարբերություն Չաիլյանի,Վ. Գասպարյանը անկախ և ինքնուրույն մտածող անձնավորություն է», -նշել են գիտաշխատողները:
Ընտրության արդյունքներից դժգոհ գիտաշխատողները պատրաստվում են դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջով վերջ տալ գիտության ոլորտում իրականացվող առուծախին ու մեքենայություններին:
«Ընտրության ավարտից հետո իջանք ակադեմիայի բակ՝ ակցիա անցկացնելու, ավելի ուշ ակադեմիայի շենքից դուրս են գալիս նորընտիր տնօրեն Չաիլյանը և ակադեմիկոս Գալոյանը: Չաիլյանն այնպիսի վարքագիծ դրսևորեց, որ բառերով նկարագրել չի լինի, երբ նրան մոտեցավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ու փորձեց հարցեր տալ, նա պարզապես հարձակվեց, թե՝ «Հեռու գնա, հեսա շիշը գլխիդ կտամ»: Սա տնօրենի պահվա՞ծք է, ասացեք՝ իմանամ: Ինչի՞ մասին է խոսքը. Հայաստանում օրենք գոյություն չունի: Սկսած նախագահական ընտրություներից մինչև շարքային տաքսու վարորդի ընտրությունը, նշանակովի են. ընտրում ես թեկնածու, գնում-տեսնում ես, բոլորովին այլ մարդ է հաղթել: Վերջապես ե՞րբ ենք ապրելու ժողովրդավարական երկրում, թե մենք էլ թողնենք տարիների աշխատանքն ու հեռանա՞նք Հայաստանից», – նշել են գիտաշխատողները, ովքեր նաև ավելացրել են, որ Չայիլյանից պակաս վարքագիծ չեն դրսևորել նրա կինն ու որդին՝ հայհոյել ու նսեմացրել են բակում հավաքված ինստիտուտի աշխատակիցներից մի քանիսին, ովքեր մոտեցել ու փորձել են զրուցել նորանշանակ տնօրենի կնոջ հետ:
Epress.am-ի հետ զրույցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաստատել է գիտաշխատողի ասածը ու պատմել միջադեպի մանրամասները:
«Սկզբում ես նկարահանում էի ակցիայի մասնակիցներին, երբ ակադեմիայի շենքից դուրս եկավ Չաիլյանը, նկարելով մոտեցա ու հարցրեցի՝ «Դուք արդեն նշանակվել եք տնօրենի պաշտոնում, բայց ձեր կոլեկտիվի անդամների մեծամասնությունը դեմ է ու այս պահին ակցիա է անցկացնում: Ըստ Ձեզ, ճիշտ չի՞ լինի, որ մոտենաք ու զրուցեք նրանց հետ»: Չաիլյանն էլ, թե՝ «Արա, դու ո՞վ ես, որ ինձ նկարես, հեսա գիտես՝ ի՞նչ եմ անելու, շիշը կտամ գլխիդ», ես էլ պատասխանեցի, թե՝ «Ինչո՞ւ եք նման կերպ արտահայտվում, սա ի՞նչ ձև է», ասաց՝ «Լավ եմ անում», ես էլ ասացի՝ «Թե շիշը կտամ սափրած գլխիդ»: Նա մի քանի անգամ կրկնեց, ես էլ չդիմացա ու նյարդայնացած ասացի՝«Շիշը վերցրու ու մտցրու …», – եզրափակել է Շամշյանը: