Home / Հայաստան / ԲՀԿ-ական նախկին մարզպետը պնդում է, որ ոստիկանին չի հարվածել

ԲՀԿ-ական նախկին մարզպետը պնդում է, որ ոստիկանին չի հարվածել

Վայոց Ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բազրատյանը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պնդել է, որ ինքն Արտաբույնք համայնքում սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո ոստիկանի չի հարվածել և բերման չի ենթարկվել ոստիկանություն:

Բագրատյանն ասել է, թե իր անվան շուրջ ստեղծված ամբողջ աղմուկի հետևում Վայոց Ձորի մարզի տեղական իշխանիկների հետքն է տեսնում:

Բագրատյանը ենթադրել է, որ դրանում խառն է նաև ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանի մատը, ում ընտրությունների նախօրեին Վայոց Ձորի մարզ այցելած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անվանել էր ծիրանի ցոգոլ և ջերմուկ ծախող:

Համաձայն Բագրատյանի, ընտրությունների օրը հանձնաժողովի նախագահ Ծառուկ Թադևոսյանը ոստիկանությունում նշել է, որ տեղամասերից մեկում լարվածություն կա, որի հետևանքով քվեաթերթիկներ են թափվել գետնին, ոստիկանները մարդկանց կանչել են, քննել են և բաց են թողել՝ համոզվելով, որ լուրջ ոչինչ չի եղել: ԸՍՏ բագրատյանի՝ գործի առնչությամբ նյութեր չեն նախապատրաստվել:

Թերթը նշում է, որ նախօրեին ՀՀ ոստիկանությունից «ՀԺ»-ի թղթակցին ասել էին, որ մարզպետն իր որդու հետ մտել է տեղամաս, վերցրել է մի քանի քվեաթերթիկ և փորձել է հեռանալ, իսկ երբ ոստիկանը խոչընդոտել է, Բագրատյանը վերջինիս գլխով հարվածել է: Ոստիկանությունից հայտնել էին նաև, որ նյութեր են նախապատրաստվում, որպեսզի ուղարկվեն ՀՔԾ, սակայն ՀՔԾ-ից թերթին ասել են, որ նյութեր չեն ստացել: