Հնարավոր չէ գտնել որևէ քանակական չափորոշիչ, որպեսզի գնահատել այն վնասը, որը Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին և ինքն իրեն՝ ուժի կիրառման և հայատյացության քաղաքականության պատճառով: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Արմենպրես» գործակալության՝ Ադրբեջանի կողմից Հայաստանին ֆինանսական պահանջների ներկայացման մասին հարցին: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի Ազգամիջյան տնտեսական համագործակցության նախարարության ղեկավարի տեղակալ Նաթիգ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից իրականացված «օկուպացիայի» հետևանքով 431,5 միլիարդ դոլարի վնաս է կրել:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը ի պատասխան՝ Ադրբեջանը հայկական բնակչության մասսայական ջարդեր և էթնիկ զտումներ իրագործեց, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց, որը բերեց բազմաթիվ զոհերի, բնակավայրերի ավերման, ենթակառուցվածքների ոչնչացման և ԼՂՀ տարածքների մինչ օրս պահպանվող օկուպացիային:
Եվ այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը, հերոսացնելով կացինը ձեռքին գիշերային մարդասպանին, հրաժարվելով դիպուկահարների հետքաշումից, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումից, և շփման գծում սադրանքներ կազմակերպելով, պատասխանատվություն է կրում մարդկային կորուստների համար, յուրաքանչյուր սպանվածի համար՝ անկախ նրանց ազգությունից:
Թվերի, միջազգային իրավունքի կամ տարածաշրջանի պատմության խեղաթյուրված մեքենայությունները չեն օգնի Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել պատասխանատվությունից՝ ինչպես հակամարտության բոլոր կողմերի կորուստների, այնպես էլ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ միջնորդների ջանքերի նպատակամղված տորպեդահարման համար», – ասել է Շավարշ Քոչարյանը: