Այսօրվա դպրոցին պակասում է այն, ինչ պակասում է ողջ հասարկությանը` մտքեր, գաղափարներ տարածելու առաքելությունը: Շնորհավորելով ուսուցիչներին այսօր նշվող մասնագիտական տոնի առթիվ` այս մասին այսօր ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ՀՀ նախկին կրթության նախարար Աշոտ Բլեյանը:
Նա առանձնացրել է դպրոցի խնդիրներից կարևորները` ուսուցիչների ցածր աշխատավարձը, ուսուցիչների սխալ մոտեցումը, կրթական միջավայրի բացակայությունը:
«Վերջին չորս-հինգ տարում ուսուցչի աշխատավարձը չի բարձրացել, և չի էլ նախատեսվում գալիք մի քանի տարիներին: Իսկ մենք գնաճի բարձր տեմպ ունենք, ուստի ուսուցիչները օրվա հացի խնդիր ունեն և արժեքները տարածելու մասին չեն մտածում»,- նկատել է Բլեյանը:
Ուսուցիչների մոտեցման մեջ մեծագույն խնդիրն այն է, ըստ բանախոսի, որ նրանք ընկերներ չեն իրենց աշակերտների հետ, այդ հարաբերությունները կեղծ են, ինչը խորհրդային դպորցի մնացորդ է: Ուսուցիչը ստանում է դիպլոմ ու մտածում, թե ամբողջ կյանքում պետք է սովորեցնի` չհասկանալով, որ ուսուցիչը պետք է միշտ ինքը սովորի:
«Մենք կորցրել ենք կապը մեր և մեր հայրենիքի հետ: Պետք է լինի ծրագիր, այցելությունները Հայաստանի տարբեր մարզեր, գետեր, լեռներ, աշակերտը պետք է իմանա, սիրի, հիանա իր երկրով, որ չմեծանա արտաղաթելու երազանքով»,- ասել է Բլեյանը: Ըստ նրա` հայագիտության դասընթացներ պետք է լինեն:
Խորհրդային դպորցից նոր` կրեդիտային համակարգին անցնելը, Բլեյանի խոսքով, չի հաջողվել, իսկ 12-ամյա դպրոցական համակարգ ստեղծելը հարցը չի լուծում, եթե այդ ժամանակը դիտվում է որպես բանտ, որտեղ «նստելու դեպքում, ավելի լավ է քիչ նստել»: