Home / Հայաստան / «Իրավական խնդիրները մի քաղաքականացրեք». Շարմազանովն արձագանքել է ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

«Իրավական խնդիրները մի քաղաքականացրեք». Շարմազանովն արձագանքել է ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործի առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը`վերջինիս կոչ անելով ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց:

«Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքը առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է, որովհետև սա բացառապես իրավական խնդիր է, և ինչպես նախկինում, հիմա էլ մեր կարծիքը հետևյալն է, որ սա իրավական խնդիր է և այս խնդիրը քաղաքականացնելը անթույլատրելի է», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով դեսպանի այն պնդմանը, թե անհանգստացնող է այն փաստը, որ դեպքերը տեղի են ունենում ընտրությունների նախաշեմին, Շարմազանովն ասել է.

«Հայաստանում ցանկացած իրավական գործընթաց ընտրությունների հետ կապելը կարծում եմ, իրականությունից հեռու և անթույլատրելի է: Եվ կարծում եմ, հենց նաև դեսպանները պետք է ձեռնպահ մնան Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց և դրանք ընտրությունների հետ կապելուց»:

Շարմազանովը նաև ընդգծել է, թե որպես ԱԺ-ի փոխնախագահ` անթույլատրելի է համարում այս խնդիրը քաղաքականացնել կամ կուսակցականացնել, որովհետև տարբեր քրեական գործերով կան նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, ովքեր մեղադրյալ են կամ ձերբակալված:

«Հայաստանի իշխանությունների պայքարը ոչ թե անձերի, այլ վատ երևույթների դեմ է: Եվ այս խնդիրը անձնավորել կամ քաղաքականացնել պետք չէ և արդարացված չէ: Տեղեկացնեմ հարգարժան դեսպանին, որ կան տարբեր քրեական գործեր, տարբեր կոռուպցիոն գործեր, որոնք էլի իրավական հարթության մեջ, և որտեղ մեղադրյալներ անցնում են նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց որևէ մեկը չի ասում, որ դա ՀՀԿ-ի դեմ է կամ իրավական մարմինը լուրջ խնդիրներ ունի ՀՀԿ-ի հետ: Քաղաքական իշխանությունների խնդիրը վատ երևույթների դեմ պայքարելն է», – ասել է ՀՀԿ-ի խոսնակը: