Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է այդ երկրի Ազգային ժողովի պատգամավոր, «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայերի հարցմանն այն մասին, թե ինչպես են ֆրանս-ադրբեջանական հարաբերությունները շարունակվելու՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից ու ներում շնորհելուց հետո:
Nouvelles d՛Armenie պարբերականի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ն իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել այդ գործի առթիվ:
«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների լարվածության սրացման պայմաններում կարևոր է, որ բանակցային գործընթացը չընդհատվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին սեպտեմբերի 2-ին և 3-ին Փարիզ հրավիրելն օգտակար էր նրանով, որ համանախագահներին թույլ տվեց նախարարներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպել, ադրբեջանցի նախարարին մտահոգությունը փոխանցել և կողմերին կոչ անել շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասված է պաշտոնական պատասխանում: