2010 թվականին Թավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով հոկտեմբերի 9-ի դատական նիստի ընթացքում ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի շահերի պաշտպան Հրանտ Գևորգյանը ներկայացրել է միջնորդություն՝ հետմահու դատահոգեբանական-դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն կատարելու վերաբերյալ:
Ինչպես Epress.am-ին տեղեկացրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը, միջնորդությունը քննվել է հոկտեմբերի 16-ի նիստում:
Վերջինս սա շատ կարևոր միջնորդություն է համարում, քանի որ «հենց նախորդ նմանատիպ միջնորդության հիման վրա է նախաքննական մարմինն «ապացուցել», թե իբր Նազարյանն ինքնասպան է եղել և թե իբր դրան են հասցրել գործով ամբաստանյալ 3 շարքայինների, ինչպես նաև կապիտան Մանուկյանի գործողությունները»:
Կրկնակի փորձաքննություն անցկացնելու միջնորդությունն ամբաստանյալի շահերի պաշտպանը հիմնավորել է հետևյալով.
«Նախաքննական մարմնի կողմից միտումնավոր ձևով նենգափոխվել է հանգուցյալ Արտակ Նազարյանի իրական կերպարը: Այսպես, ըստ վկաների նախաքննական ցուցմունքների, Արտակ Նազարյանը թույլ հրամանատար էր, կամազուրկ անձնավորություն, որը զինվորներին հրամաններ էր տալիս խնդրանքի տեսքով և որի հրամանները զինվորները չէին կատարում:
Մինչդեռ դատարանում նույն զինվորների տված ցուցմունքներից ներկայացավ հակառակ պատկերը: Արտակ Նազարյանը բարի, բայց միաժամանակ ուժեղ կամքի տեր անձնավորություն էր, որի հրամանները շարքային զինվորներն անվերապահորեն կատարում էին, որը վայելում էր զինվորների սերն ու հարգանքը»:
Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ բացի դա, փաստաբանը ներկայացրել է ՊՌԱԿ կենտրոնի հարցման պատասխանը, համաձայն որի՝ հնարավոր չէ պարզել, թե ինչ հոգեվիճակում է գտնվում միջին աստիճանի հարբածություն ունեցող անձը: Նման հարցի գիտական հիմնավորումը գոյություն չունի:
Մինչդեռ, փորձագետի խոսքով, սույն փաստաթղթի հեղինակ Էլդա Գրինը ցույց էր տվել իր եզրակացության մեջ, որ կարելի է իմանալ, թե ինչպիսին է եղել անձի հոգեկան վիճակը՝ այդպես էլ չներկայացնելով որևէ փաստարկ:
Այս միջնորդությանը միացել է նաև տուժող կողմը, քանի որ դեռևս 1 տարի առաջ հայտարարել ու հիմնավորել էր, որ «նախաքննական մարմնի կողմից կատարված հանցավոր նախաքննության արդյունքում դիտավորյալ սպանությունը ներկայացվել է որպես ինքնասպանություն, ինչը մեկ ավելորդ անգամ ապացուցվեց քննիչի հարցաքննությամբ»:
«Օրինակ՝ պատասխանելով տուժողի այն հարցին, թե ի՞նչ է նշանակում դատաբժշկի գրած «մահվանից ոչ շատ առաջ» դատաբժշկական տերմինը, այն է՝ մահվանից որքա՞ն ժամանակ առաջ են ծեծել և խոշտանգել Նազարյանին, քննիչը պատասխանել է, որ ինքը չգիտի, և որ եթե տուժող կողմին դա հետաքրքիր է, թող ինքն էլ գնա և դատաբժշկից պարզի: Բացի դա, տուժող կողմը հայտարարեց, որ իրեն հայտնի է Էլդա Գրինի տված նմանատիպ մի քանի տասնյակ այլ փորձագիտական եզրակացություններ, որոնք նման են սույն գործում առկա եզրակացությանը ջրի 2 կաթիլի նման, բայց հայտնի չէ նույնիսկ 1 դեպք, երբ փորձագետը դեմ դուրս գա քննիչի այն եզրակացությանը, թե իբր անձը ինքնասպան է եղել: Ըստ էության, Էլդա Գրինը վերածվել է նախաքննական մարմնի դակիչի, նախաքննական մարմնի կողմից կատարած կեղծ քննությանն օրինականության պատրանք ստեղծողի», – ասել է Մարտիրոսյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 16-ին դատը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը մերժել է այս միջնորդությունը:
Ի պատասխան այդ միջնորդության մերժման՝ տուժող և պաշտպանվող կողմերը կրկին բացարկ են հայտնել դատավոր Մարդանյանին: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկետեմբերի 23-ին, որի ժամանակ դատավորը կհրապարակի իր որոշումն ինքնաբացարկի վերաբերյալ:
Ռուբեն Մարտիրոսյանը վստահ է, որ դատավորը դարձյալ մերժելու է իրենց ներկայացրած միջնորդությունը:
«Աննորմալ բան է, դատավորին չպետք է նման հնարավորություն տալ, որպեսզի ինքը որոշի իր գործողություններն օրինաչափ են, թե ոչ: Բայց, ցավոք սրտի, մենք այդպիսի երկրում ենք ապրում», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը: