Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Բորիս Հակոբյանի և Վահրամ Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը:
Բորիս Հակոբյանը մեղավոր ճանաչվեց անցյալ տարվա օգոստոսի 2-ին Խաչիկ Գալոյանի սպանության համար և դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Նրա պատժի կրման սկիզբը համարվեց անցյալ տարվա օգոստոսի 14-ից, հայտնում է Aravot.am-ը:
Վահրամ Մարգարյանը, ով 2004 թվականին Հունգարիայում Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է, մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք ունենալու համար, իսկ սպանության մեղադրանքը նրա վրայից հանվել է: Նա դատապարտվեց 1 տարի 2 ամիս ազատազրկման, և քանի որ անցյալ տարվա օգոստոսից կալանավորված էր, դատարանը պատիժը համարեց կրած, և Մարգարյանը ազատվեց հենց դատարանի դահլիճից:
Դատավճռի հրապարակումից հետո ներկաները ծափերով ուղեկցեցին Վահրամ Մարգարյանին: Ըստ նրա մերձավորների՝ նա ուղևորվեց եղբոր գերեզմանատեղի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրել է, որՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագորեն փակել Վահրամ Մարգարյանի հարցը՝ նրան ազատ արձակելով:
Թերթը նշել էր, որ այդ որոշմանը նա հանգել է վերջին իրադարձություններից հետո, երբ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ պատվի արժանացրին, իսկ Վահրամ Մարգարյանին ազատություն շնորհելու գործում լոբբինգ են իրականացրել որոշ կարկառուն ՀՀԿ-ականներ:
Հիշեցնենք, որ Մարգարյանը մեղադրվում էր Բորիս Հակոբյանի օժանդակությամբ և նրա տրամադրած հրազենի և ռազմամթերքի զործադրմամբ 2011 թվականի օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում սպանել է Խաչիկ Գալոյանին:
Գործով միակ վկա Աշոտ Ֆրանգուլյանը պնդում էր, որ սպանության մեջ մեղավոր է Վահրամ Մարգարյանը: Վահրամ Մարգարյանը չի ընդունել մեղադրանքը, իսկ Բորիս Հակոբյանը պնդում է, որ սպանությունը կատարել է միայնակ: Նույնիսկ մեղադրող կողմի վկաները իրենց ցուցմունքներում նշել են, որ Ֆրանզուլյանին դեպքի վայրում չեն տեսել:
Լուսանկարում՝ Մարգարյանի հարազատներն ու ընկերները՝ դատարանի առջև բողոքի ակցիայի ժամանակ (04.09.2012):