Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպման քննարկման առաջին հարցն Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման դեպքի հասցրած վնասն է և ելքի ուղիներ փնտրելը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Սաֆարովի դեպքից հետո ձևացնել, որ ոչինչ չի պատահել և նույն ոգով շարունակել չի կարելի»,- ասել է փոխնախարարը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, որն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Փարիզում առաջիկա օրերին: Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց և ներում շնորհելուց հետո դա կլինի երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումը:
Համանախագահները ծրագրում են հանդիպման արդյունքներով այց կատարել ԼՂ հակամարտության տարածաշրջան` «վերակենդանացնելու» հիշյալ դեպքից հետո սառեցված բանակցությունները: