Բորչալիի ազգային շարժման նախագահ Իսմայիլ Գաջարը վրացական ԶԼՄ-ներում հայտարարություն է տարածել, որով կոչ է արել Վրաստանի ադրբեջանցիներին հետ կանչել Միացյալ ազգային շարժում կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովին:
Հիշեցնենք, որ Սուլեյմանովն ապրիլին Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր հրահրել: Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Վրաստանի խորհրդարանում ընդհարում է տեղի ունեցել Սուլեյմանովի և ընդդիմադիր «Վրացական ժողով» կուսակցության պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի միջև:
Բագատուրիան հիշեցրել է, որ Վրաստանը աշխարհում առաջինն ու միակն էր, ով ճանաչեց Ռուսական կայսրության կողմից չերկեսների նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը: Նա նշել է, որ չերկեսների Ցեղասպանությունը ճանաչելը «հանցագործություն» էր, քանի որ դրանից հետո այլոք նույնպես դիմում են Վրաստանին Ցեղասպանությունների ճանաչման համար:
Ի պատասխան` ծագումով ադրբեջանցի Սուլեյմանովն իր գործընեկրոջը «Բագատուրյան» է անվանել և ասել է, որ վերջինս «իր քիթը ուրիշների գործերի մեջ չմտցնի»: Դրանից հետո նրանք սկսել են միմյանց վրա տարբեր իրեր նետել, իսկ այնուհետև ձեռքերն են գործի դրել:
Իրավիճակը փորձել են փրկել ինչպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ իշխանական մեծամասնությունը: 5 րոպեների ընթացքում չէր հաջողվում կարգավորել իրավիճակը: Վերջիվերջո, խորհրդարանականները կարողացել են բաժանել Բագատուրիային և Սուլեյմանովին:
Այժմ Բորչալիի ազգային շարժման ներկայացուցիչները պահանջում են չեղյալ համարել Սուլեյմանովի պատգամավորական մանդատը: Իսմայիլ Գաջարը նշում է, որ, համաձայն օրենքի, Սուլեյմանովին հնարավոր է հետ կանչել, եթե դրա օգտին ստորագրություններ են տալիս 10 000 քաղաքացիներ:
Գաջարի խոսքով՝ Սուլեյմանովը վրացերեն լեզվին չի տիրապետում, բացի դա, ոչ թե արդար քվեարկության շնորհիվ է անցել խորհրդարան, այլ խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բակրաձեի աջակցությամբ՝ կեղծված ընտրությունների հետևանքով:
Ադրբեջանական vesti.az կայքի հետ զրույցում Սուլեյմանովն ասել է, որ առաջին անգամ է լսում նման կազմակերպության մասին, իսկ Գաջարին ընդհանրապես չի ճանաչում:
«Ո՞վ է նա, ի՞նչ է արել նա Վրաստանի ադրբեջանցիների համար: Որտե՞ղ է այդ կազմակերպության գրասենյակը», – ասել է Սուլեյմանովը՝ ընդգծելով, որ Վրաստանի ազգային համայնքները ներկայացնող պատգամավորներից միայն ինքն ու մեկ հայ պատգամավոր են տիրապետում վրացերեն լեզվին: