Հայաստան Թուրքմենիայից ներգաղթած միակողմանի ծնողազուրկ Խորեն և Գևորգ Խաչերյանների բողոքն իրենց տնից վտարած հորաքրոջ դեմ առաջին ատյանի դատարանի վճռով մերժվել է: Այս մասին Epress.am-ին հայտնել է Խաչերյանների փաստաբան Կարեն Մեջլումյանը:
Ըստ հայցվորների՝ պատճառաբանությունն անհիմն է, սակայն նրանց զայրույթն այլ հանգամանք է հարուցել. իրենց ներկայացված վճռի բովանդակությունը և իրական վճիռը, որը գործի շրջանակներում դատավորը կայացրել է, միմյանց չեն համապատասխանում: Այդ մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ վերաքննիչ դատարանն էլ է մեժել գործի բողոքարկման պահանջը և ներկայցրել իրական վճռի բավարարման մասին փաստաթուղթ, որի պատճառբանություններն էապես տարբերվել են կողմին ներկայացված վճռից: Գործը հետ է ուղարվել Վճռաբեկ դատարանից:
Սա, Խաչերյանների փաստաբանի խոսքով, հանցագործություն է: նա խնդրի մասին նամակ է ուղել ՀՀ նախագահին:
«Վճռաբեկը կոծկել է, որ առաջին ատյանի դատարանը նման վճիռներ է կայացրել, ու նորմալ համարել այնպիսի գործելակերպը, երբ դատարանը, հանուն Հայաստանի Հանրապետության, վճռի մի քանի տարբերակներ է տպել՝ կողմին տալով մի տարբերակ, իսկ գործի մեջ պահելով մեկ այլ տարբերակ: Մեծարգո նախագահ, առաջին ատյանի ու Վճռաբեկ դատարանների դատավորների նման գործելակերպը օրենքի բացի արդյունք չէ, ավելին՝ օրենքի կոպիտ խախտման արդյունք է, և դրա հիմքում մարդկային գործոնն է ընկած, այդ դատավորները ցույց են տալիս, թե ինչ է իրենց համար արդարադատություն իրականացնելը, որ իրենք արդարադատություն են իրականացնում ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, այլ՝ հանուն իրենց ցանկության՝ ոտնահարելով օրենքն ու իրավունքը: Եթե իրական ցանկություն կա բարեփոխել դատական համակարգն ու հանրության վստահությունը բարձրացնել դրա հանդեպ, մարդկանց մոտ առաջացնել արդարության զգացողություն և դրանով մեղմել արտագաղթը, ապա առաջին հերթին անուղղելիներին է պետք փոխել»,-գրել է Կարեն Մեջլումյանը:
Նա հիշեցրել է, որ դեռ չորս տարի առաջ նախագահը հայտարարել էր, որ պետք է անհանդուրժողական լինել դատարանում կոռուպցիոն երևույթների նկատմամբ, պետք է անհանդուրժողական լինել անպատասխանատվության նկատմամբ, սեփական գործունեությանը ոչ քննադատաբար մոտենալու նկատմամբ: