Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցությունում ՀԱԿ-ԲՀԿ նախագահի միասնական թեկնածուի հարց չի քննարկվել: Այս մասին երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նման հավանականությունը չէր բացառել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Խմբակցությունը այդ հարցը չի քննարկել, որոշում չի կայացրել: Եվ դա, չեմ կարծում, որ ընդհանրապես խմբակցության իրավասության մեջ գտնվող հարց է: Իհարկե, դա ոչ միայն Զուրաբյանի անձնական տեսակետն է, այս պահին դա էլի բազմաթիվ մարդկանց անձնական տեսակետն է: Ես էլ իմ անձնական տեսակետն եմ հայտնում, բայց դա չի նշանակում, որ այդ տեսակետի մեջ ես միայնակ եմ», – ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, թե իր կարծիքով ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում որպես թեկնածու պետք է առաջադրի Լևոն Տեր-Պետրոսյանին, և բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ուզում են, որ «կազմաքանդվի ավազակապետությունը», կարող են աջակցել Տեր-Պետրոսյանին:
«Դժբախտաբար կամ բարեբախտաբար, ես որևէ կուսակցության չեմ կարող արգելել պաշտպանել նախագահի այն թեկնածուին, որին ես ինքս եմ պաշտպանում», – ասել է Փաշինյանը` ի պատասխան հարցին, թե նաև ԲՀԿ-ի՞ն նկատի ունի:
Արձագանքելով Հայաստանի երկրորդ նախագահի երեկ կատարած հայտարարությանը` Փաշինյանն ասել է, թե ինքը, իհարկե, կցանկանար մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքները Մարտի 1-ի գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է Քոչարյանի` ԲՀԿ-ի ետևում լինելու կամ չլինելու հարցին, ապա Փաշինյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ի ստեղծումը ձեռնարկել է հենց Ռոբերտ Քոչարյանը և դա արել է այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը իր վերահսկողության տակ է վերցրել Հանրապետական կուսակցությունը:
«Տեղի է ունեցել մի գործընթաց, որի նպատակը (Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործողությունների մասին է խոսքը), քաղաքական ողջ դաշտը հսկողության տակ վերցնել է: Այսինքն, որպեսզի քաղաքական դաշտը` առնվազն 90 տոկոսը, հստակ բաժանվի երկու մասի: Մի մասում լինի ՀՀԿ-ն, մյուս մասում լինի ԲՀԿ-ն, և այդ դաշտում ուրիշ խաղացողներ չլինեն: Սա միակ ձեւաչափն է, միակ հնարավորությունն է, որ Քոչարյանին և Սարգսյանին տեսականորեն հնարավորություն կտա խուսափել պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների համար պատասխան տալուց», – ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իր վերլուծության համաձայն ստացվո՞ւմ է, որ այսօր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասություններ չկան, Փաշինյանն ասել է, թե հակասություններ, անգամ թշնամանք կարող է լինել, քանի որ խնդիրն այն է, թե նրանցից որ մեկի ձեռքում է գտնվելու քաղաքական համակարգի «հսկիչ փաթեթը»: