Home / Հայաստան / Խանջյան 20-ում փլուզման հետևանքով տուժածը տեղափոխվել է վերակենդանացման բաժնից

Խանջյան 20-ում փլուզման հետևանքով տուժածը տեղափոխվել է վերակենդանացման բաժնից

Հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ մնացած 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադի անդամներից մեկը՝ Վոլոդյա Մաթևոսյանը, այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվելու է նյարդաբանական  բաժանմունք: Այս մասին Epress.am-ին ասել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

«Տուժածի վիճակը գնահատվում է կայուն, ուստի հետագա բուժումը շարունակելու ենք նյարդաբանական բաժանմունքում», – ասել է բժիշկը:

Նշենք, որ ավելի վաղ բժշկական կենտրոնից Еpress.am-ին հայտնել էին, որ  Մաթևոսյանի վիճակը գնահատվում է շատ ծանր: Նա ուներ ողնաշարային կոտրվածքներ, որովայնային հեմոտոմա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերիի 25-ին Խանջյանի 20 հասցեում կիսակառույց շինություն էր փլուզվել, որի հետևանքով տուժածներ Կամո Կագրամանովը, Արման Գրիգորյանը, Արսեն Հայրապետյանը, Նահապետ Բադալյանը, Վոլոդյա Մաթեվոսյանը, Սիրակ Թովմասյանը, Էդիկ Սուքիասյանը, Ռոբերտ Առաքելյանը  տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Պարզվել էր, որ կիսակառույցի շինարարարական աշխատանքներն ընթացել են ընթացակարգի խախտումներով: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ կառուցապատող ընկերությունը ստացել էր շինթույլտվություն, սակայն քանի որ չէր հասցրել նշված ժամկետում կառուցումն ավարտել, դիմել էր քաղաքապետարան ժամկետը երկարացնելու խնդրանքով: Հողի վերահսկման և քաղաքաշինության վարչությունը հերթական շրջայցերից մեկի ժամանակ բացահայտել էր, որ ընկերությունը նոր տրված ժամկետում էլ չի հասցրել ավարտին հասցնել գործը: