Քուր-Արաքս գետավազանի ջրային պաշարների օգտագործումն ու պահպանությունը առնչվում է Հարավային Կովկասի բոլոր երկրներին, քանի որ այդ ավազանը ձևավորող գետերը հոսում են երեք երկրների տարածքներով, ինչի արդյունքում էլ՝ ենթարկվում տարատեսակ ճնշումների:
Ջրային ռեսուրսի վրա գործադրված ճնշումը գոյանում է աղտոտվածություն առաջացնող տարբեր աղբյուրների ազդեցության հետևանքով:
Հարավային Կովկասի տարածաշրջանը «հարուստ» է կոնֆլիկտներով, և այդ հանգամանքը անմիջականորեն է անդրադառնում ջրերի կառավարման վրա: Ավելին. քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը տարիներով հակամարտության մեջ են, ցանկացած անդրսահմանային խնդիր քաղաքականացվում է: Այդ թվում` ջրային ռեսուրսները: Մինչդեռ դրանից տուժում են բոլոր երկրները հավասարապես: Իսկ մասնագետների հավաստմամբ, անդրսահմանային խնդիրերի յուրահատկությունն այն է , որ դրանք անհնար է լուծել առանձին պետության ջանքերով:
Արաքս գետը հայ-իրանական սահմանին
Այն փաստը, որ քաղաքական գործիչները տարիներ շարունակ չեն կարողանում «ընդհանուր հայտարարի» գալ, անդրադառնում է ջրային ռեսուրսների որակի վրա, քանի որ անկախ հանգամանքից, թե որ երկրից են սկիզբ առնում և որտեղ են հոսում ջրերը, Ավազանի որակի վրա ճնշում գործադրվում է գետային համակարգը կազմող բոլոր երկրների կողմից:
Թեև Հարավկովկասյան ջրային ռեսուրսներն ընդհանուր են, սակայն համատեղ անդրսահմանային գետերի մոնիտորինգային ծրագրերն իրականացվում են միայն և միայն միջազգային ծրագրերի շրջանակներում:
Այս հետաքննությունը փորձ է`խնդրին նայելու երկու հակամարտող երկրների տեսանկյուններից:
Հայաստան
Քուր-Արաքս ավազանը Հարավային Կովկասի հիմնական ջրահավաք ռեսուրսն է, պատկանում է Կասպից ծովի ավազանին, և անդրսահմանային ջրային բոլոր խնդիրները կապված են այս գետային համակարգի հետ: Այդ իմաստով Ավազանն ընդգրկող բոլոր երկրներն ունեն իրենց հետաքրքրություններն ու շահերը խնդրի նկատմամբ: Աշխարհագրական դիրքի պատճառով ջուրը Ադրբեջան հոսում է Հայաստանից և Վրաստանից:
ԵՄ իրականացրած Քուր գետավազանի անդրսահմանային գետերի համատեղ մոնիտորինիգի ( 2008-2011թթ) արդյունքների համաձայն՝ ջրի տարեկան սպառման տեսանկյունից, Վրաստանը կարող է համեմատվել ամենաքիչ ջրօգտագործում ունեցող Եվրոպական այնպիսի երկրի հետ, ինչպիսին Սլովենիան է (2,5%), իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դասվում են մեծ ծավալներով ջուր օգտագործող Եվրոպական երկրների շարքին: Երկու երկրներում էլ ջուրը կարող է համարվել խիստ ճնշման տակ, քանի որ նրանց ջրօգտագործման ինդեքսը գերազանցում է 40%-ը:
«Էկոլուր» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ընդգծում է ակնհայտ փաստը, որ այն կողմը, որտեղից գալիս են ջրերը, միշտ հանդիսանում է աղտոտող: «Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա, և դա շատ բնական է, որ այն ինչ ավելի ցածր է, ավելի կեղտոտ է, քան այն, ինչ ավելի վերևում է», – ասում է նա:
Զարաֆյանն ասում է, որ Հայաստանը ջուր չի աղտոտում, Հայաստանն ունի արդյունաբերություն, որն առաջին հերթին աղտոտում է սեփական տարածությունը, և ջրերը, որ հանքարդունաբերական պոչամբարներից հոսում են դեպի հողերը՝ առաջին հերթին աղտոտում են Հայաստանի հողերը, որի հետևանքով էլ` սնունդը:
«Մենք չենք ուզում, որ մեր ջրերը աղտոտվեն, և մենք չենք ուզում, որ այլ երկրների ջրերը աղտոտվեն,- մեկնաբանում է նա:-Բայց շատ դժվար է ստանդարտներ մշակել, որի համաձայն կարելի կլինի ասել, թե որ երկիրն է աղտոտում, և որքանով է նա պատասխանատու, որովհետև այդ ստանդարտները պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»:
Մինչև Խորհրդային միության փլուզումը Հարավային Կովկասի երկրներում ջրային ռեսուրսների, այդ թվում` միջպետական սահմանային ջրերի որակի մոնիտորինգը, իրականացվում էր խորհրդային իշխանությունների ընդունած որոշումներով:
ՀՀ Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանի բնորոշմամբ՝ այդ ստանդարտներն անհեթեթություն էին, քանի որ միևնույն չափորոշիչները գործում էին սովետական ողջ ահռելի տարածքի համար:
«Չուկոտկայի այն գետերից, որտեղ կետաձուկը օվկիանոսից գալիս էր ձվադրման, ջուր են վերցրել, չափել ու ասել են, թե սա է նորմատիվը,- մեկնաբանում է նա:- Բայց ինչպե՞ս կարելի է այդ գետն ու Արաքսը համեմատել իրար հետ` այն դեպքում, երբ Համաշխարհային օվիկանոսում վանադիումի կոնցենտրացիան ավելի բարձր էր, քան սովետմիության թույլատրելի նորմն էր»:
Մինասյանը նշում է ջրերի աղտոտման երեք հիմնական գործոնները. բնակչություն, արդյունաբերություն և տեխնոլոգիա: «Տեխնոլոգիական զարգացվածության տեսակետից Ավազանի երկրները մոտավորապես նույն մակարադակի վրա են,- ասում է նա:-Բայց եթե Ադրբեջանը երեք անգամ մեզնից շատ բնակչություն ունի, դա նշանակում է, որ ինքն էլ երեք անգամ ավելի շատ է աղտոտում: Բացի դրանից, Ադրբեջանը գտնվում է հարթավայրային գոտում, որտեղ ջրերի ինքնամաքրման պոտենցիալը ավելի ցածր է»:
Մինասյանը մատնանշում է նավթարդյունաբերությունը որպես ջրի լրջագույն աղտոտիչ. «Քուրի երկայնքով գցված նավթամուղն ու գազամուղը արդեն մեծ ճնշում է»:
Սակայն Քուր-Արաքս ավազանի աղտոտվածությունը Խորհրդային Միությունից ժառանգած հիմնախնդիրներից է, քանի որ Միության ծաղկման շրջանում հզոր արդյունաբերություն և գյուղատնտեսություն կային, ինչպես նաև` հետզհետե աճող բնակչություն, և այդ գործոններից յուրաքանչյուրն իր չափով ազդում էր ջրային ռեսուրսների վրա:
Արաքս գետը հայ-իրանական սահմանին
ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանն ասում է, որ երեք հարավկովկասյան պետություններն էլ գտնվել են նույն նավի վրա, որը կոչվում էր Խորհրդային Միություն: «Այժմ նավը խորտակվել է, և մենք այդպես մնացել ենք,- ասում է նա:- Խորհրդային Հայաստանում կառուցված 20 կենսաբանական մաքրման կայանները, որոնք կոչված էին քաղաքային կեղտաջրերը մաքրելու, այսօր չեն գործում: Դրանք չեն գործում նաև Ադրբեջանում: Ինչ վիճակում մենք ենք, նույն վիճակում էլ նրանք են»:
1991թ. հետո Հարավկովկասյան անդրսահմանային գետերի մոնիտորինգի գործընթացում առաջացան խնդիրներ: ԵՄ ծրագրի արդյունքների համաձայն, երեք երկրներում էլ անցկացվում են ջրային ռեսուրսների իրավիճակային մոնիտորինգներ, սակայն դրանք իրականացվում են երկրների ներսում՝ տեղական ՀԿ-ների կամ պետական մարմինների ենթակառուցվածքային կազմակերպությունների միջոցով: Ու թեպետ Հարավկովկասյան ջրային ռեսուրսներն ընդհանուր են, սակայն համատեղ անդրսահմանային գետերի մոնիտորինգային ծրագրերն իրականացվում են միայն միջազգային ծրագրերի շրջանակներում:
2000թ. սկսած միջազգային դոնոր հանրության կողմից տարածաշրջանում իրականացվել է 18 ծրագիր՝ 25 մլն. դոլար ընդհանուր արժողությամբ, որոնք առնչվել են ջրային ռեսուրսների կառավարման այս կամ այն ասպեկտին՝ ջրի որակ, քանակ, հեղեղումներ և այլն: Բոլոր ծրագրերում Հարավկովկասյան երեք երկրներն էլ ընդգրկված եղել են, սակայն ծրագրեր կան, որտեղ մասնակցել են մինչև վեց երկիր: Ծրագրերի վարչական կենտրոնը հիմնականում եղել է Թբիլիսին: Թուրքիան տարածաշրջանային որևէ ծրագրի չի մասնակցել:
ԵՄ ծրագրով անցկացված մոնտիրինգի արդյունքներով, առաջարկվում է նախագծում ընդգրկված Ավազանի երկրներում ստեղծել ջրային ռեսուրսների վստահելի, համապարփակ տեղեկատվական համակարգ:
«Այն Հայաստանում արդեն կիրառվում է, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում: Դժբախտաբար Վրաստանում նկատվում է միայն թույլ ցանկություն այս խնդրի լուծման հարցում, այն էլ երկրից դուրս գտնվող ռեսուրսներով աջակցվող ծրագրերի կողմից»,- ասված է մոնիտորինգային փաստաթղթերում:
Հայաստանը՝ ընդլայնելով համագործակցությունը ԵՄ հետ, առաջնորդվում է 2007-2013թթ. ռազմավարական ծրագրով, որտեղ ամրագրված են առաջնահերթ միջոցառումներ իրականացնելու ՀՀ պարտավորությունները` համաձայն միջազգային նորմերի և սկզբունքների:
2011թ.-ին Հայաստանը փոխել է ջրի նորմատիվները և 14 խոշոր գետավազանների ու դրանց առանձին հատվածների համար սահմանել է ֆոնային աղտոտվածությունն ու ջրի որակի գնահատման հինգ դաս:
Ջրերի կառավարման փորձագետ Վահագն Տոնոյանն ասում է, որ սովետական նույն ստանդարտները մինչև հիմա գործում են Ադրբեջանում:
«Իսկ մենք գիտենք, որ լեռնային գետերում ջուրը ոչ միայն ավելի մաքուր է, այլև դրա քիմիական բաղադրությունը՝ տեղանքային առանձնահատակությունների շնորհիվ, կարող է տարբեր լինել, նույնիսկ եթե այնտեղ մարդ չի ապրում,- մեկնաբանում է նա:- Միևնույն ստանդարտը չի կարող նույնը լինել Վոլգա կամ Արաքս գետի համար, իսկ մեր ադրբեջանցի գործընկերները մեզ մեղադրում են, թե ինչ-որ կոմպոնենտի գծով մեր չափորոշիչները գերազանցում են սովետական նորմը»:
Բնապահպան Զարաֆյանը մեջբերում է նախորդ տարի Գյոթե ինստիտուտի կողմից կազմակերպված սեմինարի շրջանակներում իր ադրբեջանցի գործընկերների բարձրաձայնած հարցը:
«Նրանք նորից այդ հարցը բարձրացրեցին, մենք էլ ասացինք, որ թող Ադրբեջանը համաձայնի ջրի մոնիտորինգ անելու, չէ՞ որ իրենք նույնպես աղտոտում են,- ասում է նա:- Վերցնենք միջազգային ստանդարտներ և տեսնենք, թե համաձայն այդ ստանդարտների, Հայաստանից այնտեղ հոսող ջրերը ինչքանով են աղտոտում այլ երկիրը: Բայց այնտեղից մենք որոշակի պատասխաններ չենք ստանում»:
Որպես ՀԿ՝ Զարաֆյանը ոչ մի խնդիր չի տեսնում ջրերի մոնիտորինգ անելու մեջ: «Մենք դրա համար որևէ քաղաքական խոչընդոտ չենք տեսնում,- ասում է նա:-Եւ եթե մեր կողմից աղտոտվածություն է գնում, դա առաջին հերթին մեր խնդիրն է և մեզ է վերաբերվում»:
Ադրբեջան
Ադրբեջանի Հանրապետության աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ Վրաստանն ու Հայաստանը կարող են աղտոտել Ադրբեջան հոսող գետերը, եթե այդ երկրներում կեղտաջրերը չեն մաքրվում։ Միևնույն ժամանակ վրացական և հայկական գետերի աղտոտումը Ադրբեջանի կողմից անհնար է։
Ադրբեջանի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը կանոնովոր կերպով մոնիթորինգ է անցկացնում Արաքս և Քուր գետերի ջրերում, և միշտ պարզ է դառնում, որ Ադրբեջան այդ գետերը Վրաստանից և Հայաստանից հոսում են արդեն աղտոտված:
Ահա, օրինակ, 2012թ. մայիսի 2-րդ տասնամյակում անցկացված մոնիթորինգի արդյունքները։
Շիխլի-2 կետի մոնիթորինգի արդյունքում Քուր գետում հայտնաբերված է թույլատրելի սահմանից 4 անգամ ավելի ֆենոլի քանակ, 3 անգամ ավելի` պղնձի միացություններ: Աղստաֆաչայում ֆենոլը թույլատրելիից 4 անգամ է ավելի, իսկ պղնձի միացությունները ավելի են 3 անգամ: Աղստաֆաչայի ջրամբարում ֆենոլը թույլատրելի սահմանից 3 անգամ, իսկ պղնձի միացությունները` 4 անգամ են ավելի:
Արաքս գետի մոնիթորինգը նույնպես ցույց տվեց աղտոտիչների քանակի գերազանցում:
Քուր և Արաքս գետերն այստեղ խառնվում են իրար
«Հորադիզ կետում ֆենոլի քանակը նորման գերազանցում էր 3 անգամ, պղնձի միացություններինը` 2 անգամ: Շահսևան-1 կետում հայտնաբերված է 2 անգամ ավելի ֆենոլ և 3 անգամ ավելի` պղնձի միացություններ: Բահրամթեպ կետում ֆենոլը թույլատրելի ցուցանիշներից 3 անգամ ավելի էր, իսկ պղնձի միացությունները՝ 4 անգամ»,- տեղեկացնում է նախարարությունը:
Քուրին ու Արաքսին նետված թռուցիկ հայացքը բավական է համոզվելու համար, որ ջուրն այս գետերում միշտ պղտոր է: Ընդ որում, ծանր մասնիկների բարձր մակարդակի պատճառը նաև հողերի յուրահատկությունն է, որոնցով հոսում են այդ երկու գետերը: Քուրի ջուրը միշտ մոխրագույն է, իսկ Արաքսինը` միշտ փոքր-ինչ կարմրավուն:
Այս նախագծին մասնակցող ադրբեջանական լրագրողներն այցելել էին Սուգովուշան վայրը, որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «գետերի միացում»: Սալյանի շրջանի այս վայրում Արաքսը միախառնվում է Քուրին, որն էլ թափվում է Կասպից ծով: Հարյուրավոր մետրեր 2 գետերի ջրերը հոսում են միասին և կողք կողքի՝ տարբերվելով իրենց գույներով և չխառնվելով իրար:
2 գետերի միջև գտնվող գյուղի բնակիչները հիմնականում օգտագործում են Արաքսի ջուրը, որը Քուրից ավելի մաքուր է: Տնային կենդանիների և ոռոգման համար ջուրը մատակարարվում է առանց մաքրման, իսկ ահա լվացքի, խմելու և սննդի համար Արաքսի ջուրը գյուղացիները մաքրում են: Հարևան քաղաքներում` Սաբիրաբադում, Սալյանում և այլ բնակելի վայրերում բնակվող ընտանիքներն ստանում են ջրմուղի ջուր, որն անցնում է պետական մաքրման սարքավորումների համակարգով:
Խոհանոցային կարիքների համար գետի ջուրը գյուղում մաքրվում է տնտեսությունների բակերում տեղադրված կաթսաների մեջ: Ծանր մասնիկները նստում են հատակին, որից հետո ջուրն օգտագործվում է խոհանոցում, բայց այստեղ էլ տնային տնեսուհիները նախապես ջուրը պահում են դույլերի մեջ:
Մեր հարցերին պատասխանող գյուղի բնակիչներից մեկը պատմեց ջրի մաքրման հին միջոցի մասին, որը կիրառել են իր ընտաիքում. ջրամբարի մեջ դրվում են հատուկ քարեր, որոնք կոչվում են «զեյ»: Այդ քարերն արագացնում են ծանր մասնիկների` հատակին նստելը:
Բնակչության խմելու ջրի պահանջը ապահովելու համար Քուր և Արաքս գետերի ջրերի օգտագործման միակ տարբերակը դրանց մաքրումն է` բնակիչների և պետության կողմից։
Տեղացիներն իրենց հողերը ոռոգում են Քուրի ջրով
Բնապահպան Ազադ Ալիևը ղեկավարում է «Հասարակական Սոցիալ տնտեսական հետազոտությունների միություն» ՀԿ-ն: Նա նշեց, որ անդրսահմանային խնդիրերի յուրահատկությունն այն է , որ դրանք անհնար է լուծել առանձին պետության ջանքերով։
Անդրսահմանային գետերի աղտոտման խնդրի լուծման նպատակով Ադրբեջանը վավերացրել է «Անդրսահմանային ջրային հոսանքերի և միջազգային լճերի օգտագործման և պահպանման մասին» Հելսինկյան կոնվենցիան: Բայց Վրաստանն ու Հայաստանը այդ փաստաթղթին չեն միացել, քանի որ այդ երկրներին անհրաժեշտ չէ միջոցներ ներդնել Քուրի և Արաքսի ջրերի մաքրման համար: Այնտեղ բավական է նրանց մաքուր լեռնային ջուրը:
Նրա հետ համամիտ է բնապահպան, Բնապահպական կանխատեսման ազգային կենտրոնի նախագահ Թելման Զեյնալովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ազդեցության լծակներ չունի Հայաստանի վրա այն տարածքում, որտեղով հոսում և աղտոտվում է Արաքս գետը: Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի բարեկամ հանրապետություն Վրաստանին, որի մայրաքաղաքի կեղտաջրերը առանց որևէ մաքրման թափվում են Քուրը:
Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի բաժնի փոխտնօրեն Մատանատ Ավազովան առավել ամբողջական բացատրեց Քուրի և Արաքսի աղտոտման իրավիճակը:
Նրա խոսքերով, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արդյունաբերությունները ավելի քիչ արտանետումներ են կատարում, քան Խորհրդային տարիներին, քանի որ գործարանները կամ չեն աշխատում, կամ աշխատում են հզորությունների կիսով չափ: Չնայած Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության կրճատմանը՝ լեռնահանքային թափոնների պահեստարաններ /պոչանքներ/ այդ երկրում դեռ մնացել են, և անձրևների ու ջրհեղեղների ժամանակ ջուրը թափանցելով այդ պահեստարանները, աղտոտվում ու հոսում է Արաքս գետ, այտեղից էլ` Ադրբեջան:
Շոգ և ձմեռային անջուր ամիսներին Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության մոնիթորինգի կայաններն ավելի շատ են ջրի մեջ գրանցում կենսաբանական թափոններ, որոնք գերազանցում են սանիտարական նորմերը:
Ադրբեջան Քուրն աղտոտված հոսում է Վրաստանի տարածքից: Մինչև Մինգյաչևիր քաղաքի մոտ գտնվող կասկադ համակարգին հասնելը, գետն ինքնամաքրվում է 50-60%–ով, քանի որ ջրի ծանր մասնիկները նստում են ջրամբարի հատակին: Երկրի վերին հատվածում Քուրը չի աղտոտվում:
Քուրը կրկին աղտոտվում է ստորին հոսանքներում` Սաբիրաբադ քաղաքի շրջակայքում, որտեղ Արաքսը թափվում է Քուր գետ: Այստեղ ջրի բաղադրության մեջ ավելանում են ծանր մասնիկները, կենսածին նյութերը, մետաղները, սուլֆատները և ամոնիակը: Գետի մեջ են թափվում Շիրվանի, Մինգյաչևիրի և մեր այլ բնակավայրերի կեղտաջրերը: Ավելանում է Քուր գետի պղտորվածությունը:
Իրանում կա Գոտուր գետ, որը այդ երկրի տարածքում հոսում է դեպի Արաքս. այն կարմիր է և աղտոտում է Արաքսը ոչ այնքան քիմիական, որքան ֆիզիկական-մորֆոլոգիական մասնիկներով:
Սամուր գետը թափվում է Ադրբեջան ռուսաստանյան Հյուսիսային Կովկասից. Սամուրը չափազանց պղտորված է հողային նյութերով, բայց վնասակար, թունավոր քիմիական և կենսածին նյութերից Սամուր գետը զերծ է, քանի որ հոսում է անմարդաբնակ լեռնային շրջաններով: Այս գետի մեջ կենսածին աղտոտիչները շատ քիչ են:
«Գետերի մաքրման մոնիթորինգ անցկացվում է նաև Վրաստանում և Հայաստանում»,- նշեց Ավազովան:
Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը համագործակցում է Վրաստանի գործընկերների հետ, իսկ հայ գործընկերների գործունեության մասին Բաքվում տեղեկանում են անուղղակի տվյալներից:
«Վրաց և հայ փորձագետները խոստովանում են, որ ստորին Ադրբեջանը հարևան երկրներում գտնվող գետերի վերին հոսքերից ստանում է աղտոտված գետեր»,- ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք ազդել Հայաստանի և Վրաստանի վրա` պարտադրելով այդ երկրներին մաքրել գետի ջուրը իրենց տարածքում, Ավազովան ասաց, որ 1992թ.-ին Հելսինկիում ընդունվել է Անդրսահմանային ջրային հոսանքերի և միջազգային լճերի օգտագործման և պահպանման մասին» Հելսինկյան կոնվենցիան:
2000թ.-ին Ադրբեջանը միացել է այդ համաձայնագրին, մինչդեռ Վրաստանը և Հայաստանը պայմանագրին չեն միացել: Սա սահմանափակում է Բաքվի` հարևան պետությունների վրա ազդելու հնարավորությունը։
Բայց միջազգային կազմակերպությունները տեղեկացված են գետերի աղտոտման խնդրի մասին Բաքվում պատրաստված փաստաթղթերի շնորհիվ: Բնապահպանության նախարարությունը 2-րդ տարին է, ինչ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովին միջազգային գնահատման հաշվետվություն է ներկայացնում Արաքսի և Քուրի աղտոտվածության մասին:
«Հայաստանի հետ միասնական գործունեություն որպես այդպիսին չկա: Քուրի պահպանման մասին Վրաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի փաստաթղթի նախագիծ է պատրաստվում, որի շուրջ մասնագետներն աշխատում են 2 տարի. մոտակա ժամանակներս այն կստորագրվի: Վրաստանի հետ գործում է երկկողմանի տնտեսական համաձայնագիր, որտեղ նշված է ջրային ռեսուրսների պահպանման խնդիրը: Սամուր գետի շուրջ այդպիսի համաձայնագիր ստորագրված է նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Իրանի հետ Ադրբեջանը մշտական հանձնաժողովի մասին պայմանագիր է կնքել, որը հետևում է Արաքս գետ թափվող ջրի որակին»,- նշեց Ավազովան:
Ադրբեջանը ֆինանսավորում է Քուր և Արաքս գետերի մաքրման աշխատանքները: Մեր տարածքում ուղիղ ելք դեպի Քուր չկա, քանի որ Ադրբեջանում գործում է հավաքագրման մեծ համակարգ, որոնք հասնում են մինչև Կասպից ծով: Երկրում մեծ աշխատանքներ են ընթանում ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի վերականգնման և նորերի կառուցման ուղղությամբ: Ադրբեջանի բոլոր վարչական շրջաններում կառուցված են կոյուղիներ և ջրամատակարարման կայաններ: Մինչև միլիոն խորանարդ մետր ավելացված է Գովսանինյան (Բաքվում) ջրամաքրման կայանի հզորությունը:
2006 թ. նախարարությունը կազմել է լայնածավալ հաշվետվություն երկրում ջրի վիճակի մասին: Երկրի ղեկավարին հաղորդել են, որ 3,3 մլն մարդ օգտվում է անորակ խմելու ջրից, քանի որ նրանք ապրում են Արաքսի և Քուրի ափերին: 2007 թ. երկրի նախագահը, հաշվի առնելով բնակչության առողջության պահպանման կարևորությունը, գյուղի բնակչությանը որակյալ խմելու ջրի մատակարարման մասին հրաման ստորագրեց:
Այդ ժամանակներից սկսած երկրում տեղադրել են մոտավորապես 200 մոդուլային մաքրող կայան, որոնք մաքուր ջուր են մատակարարում գետերի ափերին բնակվող կես միլիոն բնակչությանը: Տարեցտարի մաքուր ջուր խմող բնակչության թիվը ավելանում է:
«Քուրի և Արաքսի վերին հոսանքներում մաքուր ջուր ստանալու հնարավորության բացակայության պատճառով Ադրբեջանն ինքն է մաքրում իր գետերը: Քուրի վրա մշտապես աշխատում է 17 մոնիթորինգային կայան, Արաքսի վրա նույնպես գործում են սարքեր, որոնք պետությանը հստակ տեղեկություններ են տրամադրում Քուրի և Արաքսի ջրի որակի մասին»,- ամփոփեց Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի բաժնի փոխտնօրենը:
Ընդհանուր տեղեկություններ Քուր-Արաքս գետավազանի մասին
Հայաստանն ամբողջությամբ պատկանում է Քուր-Արաքս գետավազանին, որից 76 տոկոսը` Արաքսի, մնացած 24 տոկոսը՝ Քուրի գետավազաններին: Ավազանին են պատկանում նաև Ադրբեջանի ու Վրաստանի զգալի հատվածները, ինչպես նաև` Թուրքիայի և Իրանի մի մասը:
Արաքս գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է, ունի 1072կմ երկարություն: Ավազանի մակերեսը 102 հազար քառակուսի կմ է: Այն Նեղոսից հետո աշխարհում երկրորդ տղմոտ գետն է: Սկիզբ առնելով Թուրքիայի Բյուրակն լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից՝ 2200-2700 մ բարձրության վրա և հոսելով դեպի արևելք` Արաքս գետը իր միջին հոսանքներում երկու անգամ մտնում է ՀՀ սահմանները` գետի ընթացքով 364-րդ և 746-րդ կմ հեռավորությունների վրա դառնալով 150 կմ երկարությամբ սահմանային գետ Հայաստանի ու Թուրքիայի և 42 կմ երկարությամբ՝ Հայաստանի ու Իրանի միջև: Ապա անցնելով Ադրբեջան-Իրան սահմանով, Ադրբեջանի տարածքում՝ 1072 կմ-ի վրա միախառնվում է Քուր գետին, ևս 241կմ հետո թափվում է Կասպից ծովը:
Քուր գետը նույնպես սկիզբ է առնում Թուրքիայում՝ Կարսի նահանգում: Սկիզբ առնելով Հայկական լեռնաշխարհի Քիսիրին կոչվող լեռան ստորոտում, Քուրը հոսում է դեպի արևելք՝ Վրաստանի և Ադրբեջանի միջով, դեպի Կասպից ծով: Քուրն ունի 1364 կմ երկարություն, ավազանի մակերեսը 188 հազար քառակուսի կմ է: Ամենամեծ վտակը Արաքսն է, բայց այն բազմաթիվ այլ վտակներ Ավազանում: Հայաստանում Քուրի վտակներն են Դեբեդն ու Աղստևը:
Աննա Մուրադյան, Հայաստան
Քյամալ Ալի, Ադրբեջան
Հոդվածը պատրաստվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:
այս թեմայով կարդացեք նաև.
Հայաստանի և Ադրբեջանի ջրային քաղաքականությունը. անդրսահմանային համագործակցություն
Քուր-Արաքս գետավազանի աղտոտվածության աղբյուրները Հայաստանում և Ադրբեջանում