Իսպանական և գերմանական ակումբները փայլուն ելույթ են ունենում Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշարում: Այս երկրների բոլոր ակումբները վերջին տուրից առաջ ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ փուլում: Իսպանիան ներկայացնող թիմերից նոյմեբերի 20-ին 1/8-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին «Վալենսիան» և «Բարսելոնան», իսկ 21-ին նրանց միացան «Մալագան» և «Ռեալը»:
«Մալագան» կիսապահեստային կազմով մրցակցի հարկի տակ խաղաց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» դեմ և արդեն 9-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով: Միայն երկրորդ խաղակեսում «Զենիթը» ուշքի եկավ ու հավասարեցրեց հաշիվը, սակայն ավելին անել ռուսաստանցիներին չհաջողվեց՝ 2:2: Ոչ-ոքին «Մալագային» հնարավորություն տվեց ապահովել առաջին տեղը C խմբում: Մրցակցի հարկի տակ հաղթելով «Անդերլեխտին»՝ նույն խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց իտալական «Միլանը»:
Մադրիդի «Ռեալը» Անգլիայում ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 1:1: Այդքանով մադրիդցիները 1/8-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին, սակայն խմբում առաջին տեղը զիջեցին գերմանական «Բորուսիային», որը 4:1 հաշվով մրցակցի հարկի տակ պարտության մատնեց «Այաքսին»: Այս խմբում ձախողվեց Անգլիայի չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթին», որը դեռևս ոչ մի խաղում չի հաղթել և վերջին տուրում մեկնելու է Դորտմունդ՝ հանդիպելու «Բորուսիային»:
Բացի դորտմունդցիներից, փլեյ-օֆ դուրս եկավ ևս մեկ գերմանական ակումբ՝ «Շալկե 04»-ը, որը սեփական հարկի տակ պարտության մատնեց հունական «Օլիմպիակոսին»: Նույն խմբում ուղեգիր նվաճեց նաև Լոնդոնի «Արսենալը»՝ 2:0 հաշվով հաղթելով ֆրանսիական «Մոնպելյեին»:
A խմբի ֆավորիտները՝ «Պորտուն» և «Պարի Սեն-Ժերմենը», նույնպես լուծեցին իրենց խնդիրը՝ հաղթելով հետնապահներին, համապատասխանաբար, Զագրեբի և Կիևի «Դինամոներին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փլեյ-օֆ փուլում հանդես գալու իրավունք էին ստացել Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդը», Գերմանիայի «Բավարիան», Ուկրաինայի «Շախտյորը», Իսպանիայի «Վալենսիան» և «Բարսելոնան»:
A խումբ
Պորտու (Պորտուգալիա) – Դինամո Զագրեբ (Խորվաթիա) 3:0
Դինամո Կիև (Ուկրաինա) – Պարի Սեն-Ժերմեն (Ֆրանսիա) 0:2
Պորտու – 13 միավոր, Պարի Սեն-Ժերմեն – 12, Դինամո Կիև – 4, Դինամո Զագրեբ – 0
B խումբ
Արսենալ (Անգլիա) – Մոնպելյե (Ֆրանսիա) 2:0
Շալկե 04 (Գերմանիա) – Օլիմպիակոս (Հունաստան) 1:0
Շալկե 04 – 11, Արսենալ – 10, Օլիմպիակոս – 6, Մոնպելյե – 1
C խումբ
Զենիթ (Ռուսաստան) – Մալագա (Իսպանիա) 2:2
Անդերլեխտ (Բելգիա) – Միլան (Իտալիա) 1:3
Մալագա – 11, Միլան – 8, Զենիթ – 4, Անդերլեխտ – 4
D խումբ
Այաքս (Հոլանդիա) – Բորուսիա Դորտմունդ (Գերմանիա) 1:4
Մանչեսթեր Սիթի (Անգլիա) – Ռեալ (Իսպանիա) 1:1
Բորուսիա – 11, Ռեալ – 8, Այաքս – 4, Մանչեսթեր Սիթի – 3