ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, որ Ղարաբաղի նախագահի հետ քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրները, ինչպես նաև խոսել են ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և հայրենիքում նրա փաստացի հերոսացման դեպքից: «Ազատության» թղթակիցը նշում է, որ միջնորդներն այդ հարցի առնչությամբ կարծիք չեն հայտնել, ոչ էլ նոր բան են ասել, բոլոր հարցերին պատասխանել են՝ բացառապես հղում անելով նախկինում արված հայտարարություններին:
Հարցին, թե ինչպես են համանախագահները տեսնում Ստեփանակերտի օդանավակայանի լուծումը, Պոպովը պատասխանել է.
«Մենք կարծում ենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը տվյալ իրավիճակում կարող է լարվածություն առաջացնել կողմերի միջև. և միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ այդ հիմնախնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, հաշվի առնելով եղած փորձը»։
Հարցին՝ չէի՞ն ցանկանա իրենք լինել առաջին ուղևորները, ռուսաստանցի միջնորդը արձագանքել է կատակով. «Դեռ ոչ, օդանավը դեռ չի ժամանել»: