Նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատել է միջադեպի մասին լուրը։
Թերթը գրում է, որ սկզբում տեղեկությունը ստացել են մի փոքր այլ բովանդակությամբ, համաձայն որի Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները միմյանց են կրակել և կա մեկ ծանր վիրավոր, սակայն Հրաչյա Հարությունյանը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Մեր աշխատակիցները երեկ գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, և մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի», – ասել է նա։ Նշենք, որ Սերժ Սարգսյանը Երևան է վերադարձել երեկ կեսօրին:
Հարությունյանը նաև նշել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է անվտանգության ծառայության մեքենայի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ կրակողն արդեն հայտնաբերվել է, զենքն առգրավվել, սակայն Հարությունյանը դժվարացել է պատասխանել արարքի դրդապատճառների մասին հարցին:
«Մարդ չի վիրավորվել, մեր աշխատակիցներից վիրավոր չկա, ընդամենը մեքենան է վնասվել դիմապակու հետ», – ասել է Պետական պահպանության ծառայության պետը։
Թերթի հարցին, թե Սերժ Սարգսյանի անվտանգության շարասյունը ինչու էր գնում «Զվարթնոց» օդանավակայան, Հարությունյանը պատասխանել է. «Մեր տղաները աշխատանքի մեջ են եղել՝ ուրիշ գործով «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին։ Մենք չե՞նք կարող այլ աշխատանքներ ունենալ, դա նախագահի հետ ընդհանրապես կապ չունի, ուղղակի պատահականություն է եղել։ Պատահական մեր մեքենան է եղել, կարող է մեր մեքենայի փոխարեն ուրիշ մեքենա լիներ։ Ասեմ, որ մեր մի մեքենայի մեջ երկու հոգի են եղել»։
Թերթը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա 2010 թվականի հոկտեմբերին անհայտ քաղաքացի շիշ էր նետել։
Լուսանկարը՝ Armtimes.com-ի