Նոյեմբերի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեստիերը ստորագրեցին «Հայաստանի հյուսիսային սահմանային անցակետեր» 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը կուղղվի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման ֆինանսավորմանը:
Համաձայնագիրը կնքվել է «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի արդիականացնել նշված սահմանային անցակետերը` համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին: Ծրագրով մասնավորապես նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար: Այդ թվում՝ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան պետական սահմանի անցման կետերում բարելավել սահմանային անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները:
Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3-ը` արտոնյալ, տարեկան 6-ամսյա EURIBOR+ 1% սպրեդ տոկոսադրույքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից: