Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Գերմանիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, Տիգրան Սարգսյանի այցը ավարտվելու է դեկտեմբերի 14-ին:
Գերմանիայում ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկու օր կանցկացնի:
Ֆրանկֆուրտ քաղաքում պատվիրակությունը կմասնակցի գերմանական «Commerzbank»-ի կենտրոնակայանում կայանալիք գործարար համաժողովին և հանդիպում կունենա «Commerzbank»-ի ղեկավարության հետ:
Գերմանիա այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը երկրամասի ղեկավարության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆրանկֆուրտի հայ համայնքի հետ:
Տիգրան Սարգսյանը կմասնակցի նաև «Gutenberg» թանգարանում կազմակերպվող հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին:
Դեկտեմբերի 8-ին պատվիրակությունը Ֆրանկֆուրտից կմեկնի ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգ: Եռօրյա աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի Կալտեք համալսարան, հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության հետ, ինչպես նաև Կալիֆորնիայի հայ գիտնականների հետ: Հանդիպմանը ներկա կլինի նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Դեկտեմբերի 9-ին վարչապետ Սարգսյանը կայցելի Գեթթի թանգարան՝ 14-րդ դարի Վերածննդի դարաշրջանի սկզբի Ֆլորենցիայի գեղանկարչության ցուցադրությունը դիտելու, և Գեթթի պահոց՝ Զեյթունի ավետարանի 8 էջերին ծանոթանալու նպատակով: Այնուհետև Տիգրան Սարգսյանը կժամանի Բըրբանք` Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան ԱՄՆ առաջնորդարան, որտեղ կհանդիպի Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Այցի երրորդ օրը ՀՀ վարչապետը Սթենֆորդի համալսարանում կմասնակցի «ArmTech Congress»-ի լիագումար նիստին և հանդես կգա ելույթով: Կառավարության ղեկավարը կայցելի «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատոր, որտեղ ներկա կգտնվի Հայաստանի ՏՏ ներկայացուցչական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը և Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին հուշագրի ստորագրմանը: Նախատեսվում է նաև «Intel» ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում, Տիգրան Սարգսյանի այցը IBM ընկերության Ալմադեն հետազոտական կենտրոն և հանդիպում IBM-ի ղեկավարության հետ:
Դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Բոսթոն, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի մասնակցությունը Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում կայանալիք սեմինարին: Տիգրան Սարգսյանը կայցելի նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, կհանդիպի տեղի հայ ուսանողների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: