Թուրքիան փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի լուծմանը, սակայն թույլ չի տալիս, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդն ինքը ևս մասնակցի սեփական ճակատագրի որոշմանը: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած հանդիպմանն ասել է թուրք գրող, իրավապաշտպան Ռաղիփ Զարաքօլուն՝ քննադատելով երկրի, իր խոսքով, անտրամաբանական քաղաքականությունը:
Նման քաղաքականությունը, ըստ բանախոսի, պայմանավորված է ոչ թե թուրք հասարակության հետաքրքրվածությամբ, քանի որ թուրքերի մեծ մասը չգիտի՝ որտեղ է գտնվում Ղարաբաղը, այլ նրանով, որ Թուրքիան փորձում է ստիպել հայերին մոռանալ 1915 թվականը:
«Հայաստանն առավելագույնն արեց Ցյուրիխում: Այն, որ Արձանագրությունները տապալվեցին, Թուրքիայի մեղքով էր: Սա երկրորդ անգամ է, որ Թուրքիան խափանում է Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու շանսը: Մի անգամ նման բան արել է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին»,- ասել է բանախոսը՝ նկատելով, որ այս անգամ, սակայն, միջազգային հանրության քննադատությունն ավելի խիստ էր՝ նկատի ունենալով Հիլարի Քլինտոնի խոսքերն այն մասին, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է խառնել հայ-թուրքական հակամարտության հետ:
Զարաքօլուն համաձայնել է, որ թե Հայաստանը, թե Թուրքիան ժողովրդավարական երկրներ չեն, ուստի միակ հույսն այն է, որ քաղաքացիական հասարակությունները կզարգանան: Մինչ այդ, ըստ բանախոսի, իրավիճակն ավելի վատ է Հայաստանի համար, իսկ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, բոլոր լծակներն ունի իր անվտանգությունն ապահովելու համար:
«Հայաստանն այս տարածաշրջանի Կուբան կարծես լինի»,- ասել է Զարաքօլուն:
Բանախոսն անդրադարձել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի՝ շահագործման հանձնելուն և դրա առթիվ ադրբեջանական կողմի սպառնալիքներին: Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի Խումբը պետք է ուշադրություն դարձնի օդանավակայանի մասին հայտարարություններին: Զարաքօլուի խոսքով՝ Թուրքիան իզուր է հայտարարում, թե օդանավակայանի շահագործումը կարող է վնասել բանակցություններին, այն դեպքում, երբ ամեն օր Ստամբուլից թռիչքներ է կատարում դեպի Իրաք: