ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի երեկվա նախընտրական հանդիպումները Սիսիանում և Գորիսում անցել են տարօրինակ պայմաններում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը որոշել է այս տարի բաց երկնքի տակ ելույթ չունենալ: Նա շրջում է դահլիճից դահլիճ, ելույթ է ունեցել նախ Սիսիանի մշակույթի տան դահլիճում, այնուհետև Գորիսի դրամատիկական թատրոնում: Իսկ այն մարդիկ, որոնք ուզում են լսել Սարգսյանի ելույթը և մասնակցել քարոզարշավին, պետք է նախապես գրանցված լինեն: Դրա համար ՀՀ քաղաքացիները ձմեռվա ցրտին պետք է մոտ մեկ-երկու ժամ առաջ հավաքվեն դահլիճների մոտ, անվտանգության աշխատակիցներից ճշտեն` իրենք կան ցուցակում, թե ոչ, ապա նոր մուտք գործեն դահլիճ: Ասել է թե`ՀՀ քաղաքացիների ձայները խնդրող թեկնածու Սերժ Սարգսյանին մարդիկ չեն կարողանում մոտենալ ու իրենց հուզող հարցն ուղղել», – գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երեկ Գորիսում մի կին փորձել է մոտենալ Սերժ Սարգսյանին, սակայն անվտանգության աշխատակիցները շատ արագ հեռացրել են նրան: Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն այսօր շարունակելու է Մեղրիում և Կապանում: