Home / Հայաստան / Ստամբուլում պահանջել են բացահայտել հայերի սպանությունները. ակցիա

Ստամբուլում պահանջել են բացահայտել հայերի սպանությունները. ակցիա

Երեկ Ստամբուլի Սամատիա թաղամասի կենտրոնական հրապարակում Թուրքիայի հայկական, քրդական, ասորական համայնքների ներկայացուցիչները, իրավապաշտպանները, ինչպես նաև ազգությամբ թուրք բազմաթիվ քաղաքացիներ ակցիա են անցկացրել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի հայազգի քաղաքացիների սպանությունների և նրանց վրա հարձակումների դեմ:

Բողոքի ակցիայի մասնակիցները պաստառներ էին բարձրացրել, որոնց վրա գրված էր. «Ձեռք մի տվեք իմ հարևանին» և «Ես թույլ չեմ տա վնասել իմ քույրերին և եղբայրներին»: Հավաքվածները նշում էին, որ հարձակումների և սպանությունների դեպքերից և ոչ մեկը ոստիկանության կողմից չի բացահայտվել՝ պահանջելով հետամուտ լինել գործերի արդար քննությանը և մեղավորների բացահայտմանը: Ակցիայի մասնակիցներին միացել են նաև Թուրքիայի խորհրդարանի երկու պատգամավորներ՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Սեբահաթ Թունչելը և անկախ պատգամավոր Էրթուղրուլ Քուրքչուն:

Վերջինս նշել է, որ իրավապահ մարմինները պետք է բարձրացնեն այն հարցը, թե ինչու են բոլոր զոհերը հայեր: Ակցիայի մասնակից իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ ասել են, որ պատրասվում են հունվարի 31-ին հանդիպել և խնդրի առնչությամբ քննարկումներ կազմակերպել Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ դեկտեմբերի սկզբին անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել և դրա արդյունքում աչքը կորցրել 87-ամյա հայազգի կին՝ Տուրֆանդա Աշիկը, դեկտեմբերի 28-ին Սամատիայում իր տանը սպանվել էր 84-ամյա հայ Մարիցա Քուչուկը, հունվարի 6-ին անհայտ անձինք փորձել են տարեց հայազգի մի կնոջ առևանգել (թուրքական իրավապահ մարմինները չեն նշում նրա անունը), սակայն այդ փորձը կանխվել է դեպքի ականատեսների կողմից, հունվարի 22-ին իր տանը ծեծի է ենթարկվել և մեկ աչքի տեսողությունը կորցրել մեկ այլ հայ տարեց կին՝ 83-ամյա Սուլթան Այքարը:

Բացի դա, հունվարի 11-ին Ստամբուլում գտնվող իր տանը սպանվել էր 40-ամյա հայազգի Իլկեր Շահինը, ով հայկական Արամյան դպրոցում ծրագրավորման ուսուցիչ էր աշխատում:

Լուսանկարը՝ haberler.com