Հայկական բանակի կազմավորման հերթական տարեդարձը Հայաստանը դիմավորում է զինված ուժերում մարդկային նոր զոհերով ու մարդու իրավունքների հետ կապված լրջագույն մտահոգություններով: Այս մասին ասված է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
«Այդ մտահոգությունները առավել խորանում են՝ ի տես զինված ուժերի հրամանատարության կողմից արմատական բարեփոխումների կամքի բացակայության:
Մինչ ներկայիս գերագույն գլխավոր հրամանատարը հավակնում է շարունակել պաշտոնավարել ևս հինգ տարի, շարունակվում են նրա ղեկավարած զորքերում հանցավոր անտարբերության, բռնության, խոշտանգումների, ճնշումների և մահվան դեպքերը: Չնայած ապահովության և անվտանգության մասին անընդհատ հնչող հայտարարություններին և լոզունգներին, միայն անցած տարվա ընթացքում հայկական բանակում ոչ մարտական պատճառներով զոհվել է 48 զինծառայող, իսկ 2013-ի առաջին 28 օրում արդեն իսկ արձանագրվել է մահվան չորս դեպք», – նշում են հայտարարության հեղինակները:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը դատապարտում է իշխանությունների անգործությունն ու անկարողունակությունը՝ հաղթահարելու խնդիրները և հիմնովին վերափոխելու բանակը: Այս հիմնախնդրի հետաձգումը հղի է նորանոր կորուստներով և դժբախտություններով:
«Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին և նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուներին բարձրաձայնել բանակի խնդիրները և հանդես գալ բանակի իրական բարեփոխումների և դրանց իրականացման մեխանիզմների մասին ծրագրային առաջարկություններով:
Լրատվամիջոցներին հորդորում ենք բանակի խնդիրների մասին հարցադրումներով դիմել նախագահի թեկնածուներին և հետամուտ լինել ընտրարշավի ընթացքում այդ թեման հետեւողականորեն լուսաբանելուն:
Երկիրը չի կարող լինել ապահով, քանի դեռ ապահովված չեն նրա պաշտպանների իրավունքները:
Բանակը պաշտպանված ու հզոր է այնքանով, որքանով պաշտպանված են յուրաքանչյուր զինվորի իրավունքները», – եզրափակում հայտարարության հեղինակները: