«Որոշում՝ վերջ հեքիաթին» գրառմամբ պաստառով այսօր նախագահական նստավայրի մոտ նստացույց անցկացնող Արամի 72-80 շենքի խաբված մի խումբ բնակարանատերեր նշել են, որ ցանկանում են կրկին անգամ իշխանություններին հիշեցնել իրենց գոյության մասին:
Еpress.am-ի հետ զրույցում նրանք ասել են, որ այսուհետ ամեն օր գալու են նախագահական նստավայր ու նստացույց են անցկացնելու՝ ի նշան տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների կողմից անտեսված բողոքի հիշեցման:
«Ողորմություն չենք ուզում, քանի որ մուրացկան չենք, մեր հասանելիքն ենք ուզում ու արդեն ոչ թե ուզում ենք, այլև՝ պահանջում: Բավական է, որքան հավատացինք, թե մեր իշխանավորները մի օր կփոխվեն ու խնդրին լուծում կտան: Մենք այլևս չենք վստահում որևէ իշխանավորի խոսքի, թող մեզ գրավոր փաստաթուղթ տան կառավարության կատարած քայլերի մասին», – ասել է ակցիայի մասնակից Անահիտ Պողոսյանը:
Նշենք, որ թվով 3 տասնյակ բնակարանատերեր երեկ առավոտյան գնացել են ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ հույս ունենալով անտեղ հանդիպել ՀՀ նախագահին, սակայն ավելի ուշ պարզել են, որ վերջինս գրասենյակ չի գալու:
«Հավաքվել էին մեծ քանակությամբ գյուղապետեր՝ վերջին նախընտրական հրահանգները ստանալու, նիստն էլ ղեկավարում էին Արմեն Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանը: Ժողովից հետո գյուղապետերը ընդգծված ցածր տրամադրությամբ հեռացան: Մեզ ասել էին, թե Հովիկ Աբրահամյանը նիստի ավարտին մեզ կընդունի, սակայն անվտանգության աշխատակիցները այննպիսի հարայ-հրոցով մեզ դուրս հանեց, որ աննկարագրելի է: Զարմացած հարցրեցի՝ «հետո էլ ասում եք՝ ժողովրդը ձեր կուսակցությունն է, ձեր ժողովրդի՞ց եք վախենում: Հետո էլ, երբ իմացանք, որ Աբրահամյանը մեզ չի ընդունելու, աղմուկն էլ շատացավ ու մեզ սկսեցին «դուրս հրավիրել», կատակեցինք, թե՝ «վախենում եք՝մուկն ու կատու խաղա՞նք», – Еpress.am- ին ասել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:
Վերջինիս խոսքով՝ ավելի ուշ իրենց ընդունել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տեղակալ Լևոն Յոլյանը:
«Ի տարբերություն մյուս վախկոտ իշխանավորների, Յոլյանը լսեց մեզ ու երբ ասացինք, որ կառավարությունը չի պատասխանում մեր նամակներին, ասաց, որ ապացույցներ բերենք: Ստիպված գնացի տուն, «բարաթները» տարա ու դրեցի Յոլյանի սեղանին: Վերջինս հիշեցրեց, որ օրը կիրակի է՝ ոչ աշխատանքային, ու խոստացավ 2 օրվա ընթացքում զանգ տալ», – պատմել է Մաղաքյանը: