Home / Բանակ / Երևանյան այգու պատը մասամբ ծածկվեց զոհված ռուսների անուններով

Երևանյան այգու պատը մասամբ ծածկվեց զոհված ռուսների անուններով

Ոստիկանությունը չի թույլատրել ռուսաստանցիներին հակապատերազմական ակցիա անել Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Այսօր՝ փետրվարի 24-ին լրանում է չորս տարին, ինչ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա 2022 թվականին։ Պատերազմը շարունակվում է մինչև հիմա։

Ակտիվիստները տպել էին ռուսաստանցի զոհերի անունները, որոնց նույնականացրել են լրագրողներն ու իրավապաշտպանները։ Պաշտոնական տվյալներում զոհերի զգալի մասը նշվում են որպես «անհետ կորած»։

Ոստիկանները փորձում էին սահմանափակել ակցիան, պնդելով, որ եթե 1450 էջերի վրա տպած անունները ամրակցվեին ցանկապատին, նրանք կծածկեին այգու այդ կողմն անբողջությամբ։ Ըստ նրանց, դա կլիներ «անհամաչափ» հանրային վայրերի օգտագործման կանոններին։ Ակցիայի կազմակերպիչներն ասում էին, որ սպանվածների անունները գրելու իմաստը հենց այն էր, որ Ռուսաստանի դեսպանատնից տեսնեին «ողբերգության ծավալները»։ «Մենք որոշեցինք մահերի աբստրակտ թվին տեքստ տալ, որ տեսնեն՝ ինչ մեծ տրագեդիա է զոհերի այս թիվը Ռուսաստանի համար»,- Epress.am-ին ասում է ակցիայի կազմակերպիչներից Օլեքսանդրա Լեվիցկայան։

Ոստիկանները մոտեցել էին առավոտյան 9-ին այգու ճաղերին ցանկերը կպցնող ակտիվիստներին։ Նախ պահանջել են թույլտվություն քաղաքապետարանից։ Ակտիվիստները գնացել են Երևանի քաղաքապետարան։ Այտեղից հայտնել են, որ այգին վարձով է տրվել, ուստի վարձակալն է իրավասու թույլտվություն տալ կամ չտալ։ Ակտիվիստները գնացել են այգի և գտել վարձակալ «Սատուռն Ա» ընկերության տնօրեն Ստեփան Մինասյանին։ Նա հրաժարվել է արտոնել ակցիան, քանի որ պաշտոնյա չէ, և քանի որ նման քաղաքական հարցը «մեծ բեռ է»։

Ոստիկանները ի վերջո ծանր որոշումը իրենց վրա են վերցրել։ Նրանք պահանջել են, որ ակցիան արվի ավելի փոքր մաշտաբով. բոլոր անվանացանկերը կախվեն մոտ 10 մետր հատվածում։

Անվանացանկին կից ակտիվիստները փակցրել էին կոչ՝ թույլ չտալ, որ նոր մարդիկ ուղարկվեն պատերազմ։ «Այս պատերազմը անհամար մարդկանց բերում է անսահման ցավ ու տառապանք։ Այն անհրաժեշտ է միայն մեկ մարդու։ Մենք կոչ ենք անում ձեզ հիշել, որ այս պատերազմը անհրաժեշտ է միայն Վլադիմիր Պուտինին. հենց նա է, ով իր ողջ զորությամբ բորբոքում է վախ, անզորություն, դաժանություն և ագահություն՝ պատերազմը շարունակելու և իշխանությունը պահպանելու համար»։

Ճաղավանդակներին ամրակցվել էր նաև Россия 200 վերտառությունը, որը հղում է խորհրդային ռազմական կանոնակարգի «груз 200» կոդին. սպանված զինվորի աճյունը, իրերը և ցինկապատ դագաղը այս կոդով էին ուղարկվում նրա հարազատներին։