Հայ-իրանական «ոչխարաբուծական» հարաբերությունները լի են տարօրինակություններով և մութ կողմերով, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի վերլուծաբան Հայկ Գևորգյանը «Մութ ոչխարներ Սյունիքում» հոդվածում հիշեցնում է, որ ոչխարաբուծության շուրջ հայ-իրանական նախնական համաձայնությունը ձեռք է բերվել ուղիղ երեք տարի առաջ` 2010 թվականի հունվարի 27-ին: Իրանական մամուլը տեղեկատվություն է տարածել, որ այս տարվա հունվարի 15-ին Իրան կատարած այցի ժամանակ Սյունիքի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, հուշագիր է ստորագրել Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի ղեկավարության հետ, համաձայն որի Սյունիքի մարզի արոտավայրերից 50 հազար հեկտար տրամադրվելու է իրանցի ֆերմերներին, որոնք այնտեղ պետք է արածեցնեն 50 հազար, հետագայում մինչև 100 հազար գլուխ ոչխարներ: Դրա դիմաց իրանական կողմը մարզին կտրամադրի գյուղտեխնիկա, պարարտանյութեր, սարքավորումներ:
«Եթե հայկական կողմը հաստատեր այդ տեղեկությունը, ապա պատմությունը կդադարեր մութ լինելուց, և կքննարկվեր դրա տնտեսական նպատակահարմարությունը: Սակայն Սյունիքի մարզպետարանի պաշտոնյաները հայտարարեցին, թե ստորագրված ոչ մի փաստաթուղթ էլ չկա, առայժմ ուսումնասիրվում են հնարավարությունները: Սակայն դրանից հետո «Էկոլուր» հ/կ-ն հրապարակեց այդ փաստաթղթերը, որոնց տակ դրված են ինչպես Սյունիքի մարզպետարանի, այնպես էլ Արևելյան Ատրպատականի պաշտոնյաների ստորագրությունները», – նշում է Գևորգյանը:
Ըստ հոդվածի հեղիակի՝ նույնիսկ դրանից հետո հայաստանցի պաշտոնյաները քար լռություն են պահպանում, և այս պայմաններում իրանական կողմի հետ «բիզնեսի» մասին տարբեր աղբյուրներից հայտնվող տեղեկությունները չի կարելի անհիմն որակել:
«Մասնավորապես, տեղեկություններ կան, որ իրավական որոշակի խոչընդտոներ հաղթահարելու նպատակով նշված 50 հազար հեկտար արոտավայրերը կհանձնվեն մի օլիգարխի, որն էլ, որպես մասնավոր անձ, այն կտարամադրի իրանցի ֆերմերներին…Ո՞վ է այդ օլիգարխը: Հստակություն չկա: Բայց այստեղ կարելի է որոշակի ենթադրություններ անել: Ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ ոչխարների արտահանումը ժամանակին վերահսկում էր Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Սակայն 2012 թվականից սկսած, նա, կարծես, հետ քաշվեց այդ բիզնեսից, ինչի արդյունքում արտահանումը ազատականացվեց՝ ով ուզեր, կարող էր ոչխար արտահանել Իրան: Բայց այդ պահից սկսած՝ ոչխարների արտահանման ցուցանիշների մեջ հետաքրքիր փոփոխություններ տեղի ունեցան: Օրինակ, 2011 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով, Հայաստանից Իրան էր արտահանվել 76 հազար գլուխ ոչխար, իսկ 2012 թվականի նույն ժամանակահատվածում 26 հազար գլուխ ոչխար: Ինչո՞վ էր այսպիսի անկումն իրականում պայմանավորված, այդպես էլ անհայտ մնաց: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ Իրանում կտրուկ նվազել է Հայաստանում բուծված ոչխարների պահանջարկը: Դրանից հետո ոչխարի գինը Հայաստանում նվազեց շուրջ երկու անգամ, սակայն նույնիսկ այդ պայմաններում արտահանման ծավալները չվերականգնվեցին: Դրանից հետո լուրեր տարածվեցին, ոչ ոչխարները Իրան արտահանելու համար հատուկ ընթացակարգ է մտցվել, և միայն հատուկենտ մարդիկ են կարողանում ապահովել այդ ընթացակարգը, և կրկին շոշափվում էր Սաշիկ Սարգսյանի անունը: Հիմա, երբ իրականակն կողմի հետ այսպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվում, կարելի է ենթադրել, որ սա ոչխարների արտահանման բիզնեսը մի քանի հոգու ձեռքում պահելու նպատակ է հետապնդում», – գրում է Հայկ Գևորգյանը:
Հոդվածագիրը նշում է, որ եթե վերոնշյալը ենթադրություն է, ապա մեկ այլ, գաղափարական տեսանկյունից դա ամոթալի գործարք է:
«Ոչխարաբուծությունը նոր ու բարդ տեխնոլոգիաների ներդրում չի պահանջում: Եվ այդ տեսանկյունից մենք նմանվում ենք արտադրական պարապ տարածքներ ունեցող մի «գործարարի», ով այդ տարածքները բիզնես նպատակներով օգտագործելու կարողություն ու ֆանտազիա րունի և զբաղված է այդ արտադրական հազորությունները վարձով տալով: Ինչպես է ստացվում, որ մեր արոտավայրերում իրանցի ֆերմերները կարող են որխար պահել, իսկ մերոնք՝ ոչ: Եթե Իրանն ունի ոչխարի պահանջարկ, ապա հարց է ծագում, թե ինչու այդ պահանջարկը չեն կարող լրացնել մեր ոչխարաբույծները, Իրանին վաճառելով վերջնական ապրանքը՝ տվյալ դեպքում ոչխարը», – եզրափակում է վերլուծաբանը: