Այսօր առավոտյան ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում Քաջարանից ու Գորիսից ժամանած մի խումբ մարդիկ, ովքեր եկել էին պահանջելու Թոսունյանների ընտանիքի 4 անդամների գործով արդար դատավարություն:
Ընտանիքի անդամները պատմել են, որ 2.5 տարի առաջ կատարված սպանության գործով նոր քննություն է սկսվել, որ հետևանքով ձերբակալվել են Հակոբ Թոսունյանը և նրա երկու որդիները, իսկ երրորդ որդին, ում դեմ ևս մեղադրանք է առաջադրվել, ստորագրոթամբ բաց է թողնվել:
Գործը նորից քննելու հիմք է հանդիսացել վկայի նոր ցուցմունքը, ով ասել է, թե Հակոբը ճնշում է գործադրել իր վրա, որպեսզի նա լռի իր և որդիների՝ վիճաբանությանը մասնակցելու մասին:
Հակոբ Թոսունյանի կինը՝ Մելանյան, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ իրականում միջադեպին ներկա է եղել միայն որդիներից մեկը՝ Գևորգ Թոսունյանը, ով Սյունիքում գործի քննության ժամանակ ցուցմունք է տվել: Կնոջ խոսքով՝ այն ժամանակ գործը փակվել էր, մեղավորները պատասխանատվության էին ենթարկվել:
Տիկին Մելանյայի խոսքով՝ 2012թ. սեպտեմբերին իր ամուսնուն հրավիրել են ցուցմունք տալու և տեղում ձերբակալել են: Նույն օրը ձերբակալել են նաև Գևորգին:
Մայրը պատմել է նաև, որ երբ այս տարվա հունվարի 27-ին այցեցել է զորամաս՝ իր զինվոր որդուն՝ Ջորջ Թոսունյանին տեսակցության, տեղեկացել է, որ վերջինիս ևս ձերբակալել են: Մայրը պնդում է, որ իր ընտանիքի անդամների նկատմամբ ուղղակի «գենոցիդ են իրականացնում»:
Դատախազության մոտ հավաքված Թոսունյանների հարազատները պնդում էին, որ միջադեպի օրը Հակոբը Հայաստանում չի եղել. նա բուժում էր ստանում արտերկրում, քանի որ երկու անգամ սրտի կաթված է տարել:
Ակցիայի մասնակիցները իրենց հետ պաստառներ էին բերել հետևյալ գրություններով՝ «Կանխել Թոսունյանների դեմ գենոցիդը», «Զինվորի տեղը դիրքերում է, ոչ թե մեկուսարանում», «Հիվանդին բուժել է պետք, ոչ թե մեկուսարանում պահել»:
Դատախազության մոտ հավաքված մոտ 20 բողոքողները տեղեկացրել են նաև, որ իրենց թիվը պետք է ավելի մեծ լիներ, սակայն Երևանի ճանապարհին երկու մեքենա հետ է ուղարկվել Քաջարան: