ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակը, դարձյալ դատի են տվել ԶԼՄ-ի համբավը արատավորելու համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ այս անգամ Քոչարյանների ընտանիքի թիրախը 1iո.am լրատվական կայքն է:
«Հունվարի 15-ին դատարանը մասամբ բավարարել է Քոչարյանների հայցն ընդդեմ կայքի և կալանք դրել նրա գույքի վրա 5 մլն դրամի չափով, իսկ հաշիվների վրա կալանք դնելու մասով հայցը մերժել է: Քոչարյանների ընտանիքն իր «պատիվն ու արժանապատվությունը արատավորող» է համարում կայքի մի հրապարակում, ըստ որի 2006-ին «Նաիրիտի» սեփականաշնորհումը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական հսկողությամբ», – նշում է թերթը:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Քոչարյանների ընտանիքը դատական հայց էր ներկայացրել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ: 2009թ. հուլիսին կայացած դատական վճիռով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանը պարտավորեցրել էր օրաթերթին 3 միլիոն 620 հազար դրամ գումար վճարել:
«Հայկական ժամանակ»-ը 2009 թվականի փետրվարին գրել էր, որ Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանները հարբած վիճակում ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն` Լևոն Քոչարյանին։ «ՀԺ»-ն դատական որոշումը կայացնելուց հետո նշել էր, որ ողջ դատավարության ընթացքում Քոչարյանի ընտանիքը խնդրո առարկա հրապարակումը չեն հերքել։
«Այսինքն` նրանք երբևէ չեն հայտարարել, որ օրաթերթի այս տարվա փետրվարի
6-ին լույս տեսած` վիճարկվող հրապարակումից առաջ Քոչարյանի զավակը Դուբայում չի եղել և այնտեղ գինովցած` ոստիկանություն չի տարվել։ Նրանք պնդում էին, որ Քոչարյանի զավակը 2008-ի դեկտեմբերի 15-ից մինչև 2009-ի
հունվարի 1-ը եղել է Հայաստանում», – 2009 թվականի հունիսին գրել էր օրաթերթը։
2010 թվականի Քոչարյանների ընտանիքը հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ, որը երեք հոդված էր տպագրել Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի և որդու՝ Սեդրակ Քոչարյանի բիզնես գործունեության մասին: Քոչարյանները համարել էին, որ հոդվածները արատավորում են իրենց բարի համբավը: Դատարանի վճռով օրաթերթը վճարել է 3 միլիոն դրամ:
Քոչարյանների ընտանիքը դատական հայց էր ներկայացրել նաև «Հրապարակ» օրաթերթի դեմ, որը հոդվածներից մեկում, Ռոբերտ Քոչարյանի մասին գրելով, օգտագործել էր «արյունռուշտ» և «ստիլյագ» բառերը: 2011 թվականին թերթի հետ հաշտության պայմանագիր էր կնքվել, «Հրապարակ»-ը հերքում էր տպագրել: