Փետրվարի 11-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Վրաստան։
Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունները, որոնց ընթացքում շարունակվեց մեկ ամիս առաջ Երևանում սկսված երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ս.թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում կայացած հանդիպմանը և երկու երկրների վարչապետների բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Նախարարներն անդրադարձան հայ-վրացական օրակարգային հարցերին և դրանց լուծման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերին։ Որպես քաղաքական երկխոսության արդյունավետ ձևաչափ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն կարևորեցին վերջին տարիներին ձևավորված երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների ավանդույթի պահպանումը։