Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ու Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիին տեղեկացրել են, որ այսօր նախագահական ընտրությունների ընթացքում մարդկանց անձնագրերից կրկին անհետանում է ԿԸՀ-ի կնիքը:
«Եթե հիշում եք, ընդունվել էր մի, այսպես ասած, օրենքի հիմնադրույթ, որը թույլ էր տալիս կանխել բազմակի քվեարկությունը: Գաղափարն այն է, որ անձնագրերի մեջ պետք է դնել դրոշմակնիք, որը թույլ չէր տա անձնագրի տիրոջը նորից քվեարկել: Անցյալ ընտրություններում դա մեծագույն խնդիր դարձավ, որովհետև պարզվեց, որ հակառակ օրենքի այն պահանջի, որ ներկը 12 ժամից ավել պետք է մնար, թանաքը ցնդում էր 15-20 րոպեի ընթացքում: Դա այնպիսի մի խնդիր էր, որ հասավ մինչև ՍԴ, դարձավ լրջագույն քննարկումների առարկա, դրա մասին խոսվեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի մեջ: Թվում էր՝ այդքան աղմուկից հետո այդքան պահանջներից հետո, որ ներկայացվել էին ԿԸՀ-ին, այդ խնդիրը պետք է որ կարգավորված լիներ, բայց հիմա պարզվում է, որ այդ նույն դրոշմակնիքը, որը, թվում էր, ավելի կայուն է, շատ պարզ հինգ րոպեում կարելի է մաքրել սպիրտային հեղուկով, թաց անձեռոցիկներով: Շատ հանգիստ մաքրվում են, և այդ անձնագրերը պատրաստ են նորից օգտագործման համար», – հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողի խոսքով՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունում կնիքների խնդրի մասին արդեն տեղեկացված էին:
Լևոն Զուրաբյանն ասել է, որ արդեն արձանագրված մի իրողություն է, որ իշխանություները, փաստորեն, կրկին ձախողեցին միակ այն երաշխիքը, որը կար բազմակի քվեարկության դեմ:
«Սրանից մենք արդեն կարող ենք եզրակացություն անել, թե այս բոլոր գործողությունները ինչպես խորհրդարանական ընտրություններում նաև հիմա, չեն կարող պատահական լինել»,- հավելել է Զուրաբյանը: