Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից փետրվարի 19-ին հրապարակած նախագահական ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների կամքը: Այս մասին ասված է ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ, համաձայն ԿԸՀ-ի նախնական արդյունքների, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 58,64, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36,75 տոկոսը:
«Անգամ այդ պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հասել առավելության, այլև քաղաքային տեղամասերի մեծամասնությունում պարտվել է: Հիմնականում գյուղական առանձին տեղամասերում, իբր, ընտրողների 90%-ից ավելի մասնակցությունը և հօգուտ Սարգսյանի տրված 90%-ից ավելի ձայներն են ապահովել արդյունքները, որոնց մասին հայտարարել է ԿԸՀ-ն:
Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է իրեն հաղթանակ վերագրում, երբ, դիցուք, Աբովյանի 25 տեղամասերից 21-ում պարտություն է կրել և միայն մեկում «ստանալով» 1101 ձայն, կորուստները փոխհատուցել է, երբ Էջմիածնի 22 տեղամասերից 19-ում պարտվել է և փոխհատուցել հարևան Այգեկ գյուղից 96% քվեներով: Եվ այդպես՝ ամենուր: Հավատարժա՞ն է, որ տեղամասերի 80-90%-ում նույնական արդյունքներ գրանցող թեկնածուն մնացյալ 10%-ում բազմապատիկ ավելի ձայներ է ստանում:
Իհարկե, դա նշանակում է ընտրացուցակների և քվեաթերթիկների կեղծարարություն՝ տեղամասերի 10-20%-ում, ինչն էականորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա և բավարար հիմք է՝ պահանջելու, որպեսզի ընտրությունները ճանաչվեն անվավեր: Ակնհայտ այդ կեղծարարությունը հնարավոր է ապացուցել ընտրողների ստորագրություններով, ցուցակների ու քվեաթերթիկների հետազոտմամբ, ինչի ուղղությամբ պատշաճ իրավական քայլեր ձեռնարկվում են», – ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ:
«Ժառանգությունը» շնորհակալություն է հայտնել հայաստանցի ընտրողին, ով, հայտարարությնա հեղինակների խոսքով, չնայած քաղաքական դաշտի իներտությանը, իր ակտիվությամբ օրինակ է ծառայել քաղաքական գործիչներին, կատարել իր ընտրությունը և, մերժելով գործող վարչախմբին, ընտրել է Հայաստանի ապագան:
«Անգամ պաշտոնական տվյալներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում ստացավ ավելի մեծ թվով ձայներ, քան 1998-ից ի վեր նախագահի որևէ ընդդիմադիր թեկնածու ստացել էր: Համաժողովրդական այդ քվեն պատգամ ու պարտավորություն է քաղաքական ընդդիմության համար՝ համախմբվելու և ժողովրդի կատարած ընտրությունն իրականություն դարձնելու», – եզրափակում է հայտարարությունը: