ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը համարում է, որ իր պաշտպանյալի կալանքն ապօրինի է:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը կալանավորվել է երեքշաբթի երեկոյան, նա մեղադրվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու մեջ:
«ՀՀ ընտրական օրենսգրքի 87 հոդվածի 1-ին մասի համաձայն, Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում՝ մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:
Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն Հանրապետության Նախագահի թեկնածուն, ընտրված Նախագահը մինչև Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել Հանրապետության Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Ռաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչև օրս հանդիսանում է Հանրապետության Նախագահի թեկնածու և կալանավորվել չէր կարող», – մասնավորապես, ասված է Սիրունյան իրավաբանական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: