Սահմանադրական դատարանում նախագահական ընտրությունների արդյուքները վիճարկող բողոքներով պատասխանող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի գնահատմամբ՝ այս անգամվա պես քիչ ապացույցներով, քիչ հիմնավորումներով դիմում իր ղեկավարած հիմնարկի դեմ դեռ չէր ներկայացվել: Այս մասին Մուկուչյանն ասել է լրագրողներին դատարանում նիստի ընդմիջման ժամանակ՝ հիշեցնելով, որ ինքը ունի մեծ փորձ Սահմանադրական դատարանում պատասխանողի դերում լինելու ու նման քիչ հիմնավորմամբ բողոք չի հիշում:
«Բողոքը ունի ձևակերպման և ներկայացման պատշաճ ձև: Այն չպետք է հիմնված լինի դիմողի կարծիքի կամ մեկնաբանության վրա»,- ասել է Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր քննում է ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները: