Երեկ Ազատության հրապարակում մեկնարկել է քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնած «Ազատագրում» պլատֆորմի «Հրապարակային զրույց» միջոցառումների շարքը, որի նպատակն է հանրային ոլորտի, հանրային կյանքի վերաիմաստավորումը, նոր հանրային դիսկուրսների, քաղաքային նոր մշակույթի ձևավորումը, ինչը, ըստ կազմակերպիչների, կնպաստի նոր տեսակի, կարծրատիպերից և հիերարխիկ մոտեցումներից ազատագրված սոցիալական հարաբերությունների ձևավորմանը:
Շարքի առաջին բանախոսը մշակութաբան Նիկոլ Մարգարյանն էր, ով երեկ երեկոյան դասախոսություն է կարդացել մշակութային հեղափոխությունների թեմայով:
Բանախոսը Հայաստանում մշակութային հեղափոխության մասին խոսելուց առաջ անդրադարձել է մշակութային հեղափոխությունների երեք տարբեր սցենարների, որոնք, ըստ նրա, իշխանափոխության նպատակ չունեին:
Նրա խոսքով՝ առաջինը Խորհրդային Միությունում վերևից պարտադրված կրթության գաղափարականացման գործընթացն էր, երկրորդը՝ նմանատիպ կրթական բարեփոխումները Չինաստանում՝ 1960-70-ականերին, երրորդը Արևմտյան երկրներում անցյալ դարի 67-74-ականներին մեկնարկած երիտասարդական շարժումներն էին:
Մարգարյանն ասել է, որ Հայաստանում մշակութային հեղափոխությունը սկսել է դիտարկվել համացանցային հանրային դիսկուրսի շրջանակներում, ինչը պայմանավորված է արաբական աշխարհի հեղափոխություններով և, ի տարբերություն վերոնշյալ երեք միջազգային փորձերի, իշխանափոխության խնդիր է դնում:
Բանախոսը նաև զուգահեռներ է տարել ԱՄՆ-ում 60-ականների մշակութային հեղափոխության և այժմ Հայաստանում առկա խնդիրների միջև՝ նկատելով, որ, մասանվորապես, պատերազմի մշակույթը երկու դեպքում էլ մեծագույն խնդիր էր:
«ԱՄՆ-ում շարժումներից հետո գոնե պատերազմ հայտարարելու հին ձևերը վերացան, այսինքն՝ այլ երկրի տարածք ներխուժելու, ներքին գործերի խառնվելու համար այլ պատճառներ պետք է ասեին: Մեզ մոտ էլ այժմ պատերազմական մշակույթը ամենուր է: Իշխանություն ունեն կռված տղեքը, հերոսները կռվածներն են: Պատերազմական մշակույթի մասին է վկայում նաև «Իմ զենքը իմ …» շարքի պաստառները» (Երևանի փողոցներում տեղադրված պաստառները, որոնց վրա պատկերված էին հիմնականում տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի մարդիկ – խմբ.)»,- ասել է Մարգարյանը:
Դասախոսության ավարտին նա նշել է, որ մշակութային հեղափոխությունները հնարավոր են այն երկնրում, որտեղ քաղաքական, ընտրական համակարգը քիչ թե շատ կայացած է:
Դասախոսությանը, քաղաքացիներից բացի, լսում էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հացադուլ է անցկացնում Ազատության հրապակում:
Նա շրջում էր հրապարակում և դասախոսությունից հետո միացել է երիտասարդների մեկ այլ հավաքի՝ դասադուլավոր ուսանողների նստացույցին: