Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքից առաջ վիճաբանել են ոստիկանները և հավաքի մասնակիցները:
Ոստիկաններն արգելել են երիտասարդներին բարձրանալ Հովհաննես Թումանյանի արձանի պատվանդանի վրա, իսկ հանրահավաքի մասնակիցները ոստիկաններին պատասխանել են, թե Հովհաննես Թումանյանը Սերժ Սարգսյանինը չէ:
Վիճաբանությունից հետո մարդիկ արձանի շուրջ փաթաթել են խորհրդանշական նարնջագույն ժապավեն՝ ի նշան նրա, որ արձանն իրենցն է, և բարձրացել պատվանդանի վրա:
Ոստիկանության գնդապետ Վլադիմիր Օսիպյանը մոտեցել է Րաֆֆի Հովհաննիսյանին և հորդորել հեռացնել ժապավենը, քանի որ, ըստ ոստիկանի, դա Մշակութային արժեքների պահպանման օրենքի խախտում է: Օսիպյանի խոսքով՝ ակցիայի նախաձեռնողները նաև չեն կատարել ոստիկանի պահանջը, որի համար կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ակցիան ինքնաբուխ է եղել, ինքը նման հրահանգ չի տվել և մեկ ժամ անց կխնդրի հավաքի մասնակիցներին հեռացնել ժապավենը:
Օսիպյանը հակադարձել է, թե անգամ մեկ ժամվա օրենքի խախտումը չի կարելի թույլ տալ, ինչին ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ օրենքը գլխավորապես խախտվել է փետրվարի 18-ին, երբ ոստիկանությունը որևէ քայլ չձեռնարկեց՝ համատարած խախտումները արձանագրելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է իրեն անձամբ պատասխանատվության ենթարկել, ինչից հետո Օսիպյանը հարցրել է, թե արդյոք երիտասարդները վայելում են իր հովանավորչությունը:
«Հովանավորչությունը գալիս է ղեկավարությունից», – պատասխանել է Հովհաննիսյանը ու կոչ արել առճակատման չգնալ:
Այնուհետև «Ժառանգության» ղեկավարը հարթակից դիմել է հավաքված մարդկանց ու կոչ արել հրապարակում գտնվող ոստիկաններին ու քաղաքացիներին զսպվածություն ու փոխադարձ հարգանք դրսևորել:
«Մեր երիտասարդներն իրենց հարգանքը և սերը մեր մեծերին որոշեցին այսպես ցույց տալ՝ ծիրանագույն ժապավեններով իրենց շրջանակելով: Սրանից հետո մենք կդիմենք պատկան մարմիններին՝ թույլտվություն ստանալու համար: Մենք պիտի ապացուցենք, որ մեր ժողովուրդը համերաշխ է և արդեն հաղթել է: Այնպես որ, խնդրում եմ զսպվածություն: Մեկ ժամից կհեռացնենք ժապավենը մեր արձաններից: Կոչ եմ անում հավասար բոլորին՝ ոստիկաններին և քաղաքացիներին՝ թող ոչ մեկը մյուսի նկատմամբ ձեռք չբարձրացնի», – ասել է Հովհաննիսյանը ու կոչ է արել իջնել պատվանդանից: Երիտասարդները հետևել են Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորին: